«Այդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք դուք տասնյակ դիմումներ ներկայացնում». Հրայր Թովմասյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ հավատարիմ մնալով իմ երդմանը և «ՍԴ մասին» օրենքին, պարտավոր եմ ցուցաբերել քաղաքական չեզոքություն և զսպվածություն։ Գայթակղությունը մեծ է՝ քաղաքական ամբիոն ստանաու եւ քաղաքական պատասխաններ տալու, բայց այս պարագայում ես ստիպված եմ ասելու, որ չեմ կարող, որովհետեւ քաղաքական էին այդ հարցադրումները, եւ ես դրանք չեմ կարող մեկնաբանել»,- այս մասին  «Արմնյուզ» ՀԸ-ի եթերում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» օրերս տված հարցազրույցում որոշակի կարծիքներ հայտնեց ՍԴ-ի վերաբերյալ։

Ըստ Հրայր Թովմասյանի՝ վարչապետի որոշ արտահայտություններ վիրավորական էին. «Որոշ արտահայտություններ մոտ էին դատական իշխանության ներկայացուցիչների արժանապատվությանը վիրավորելուն, եւ որոշ արտահայտություններ կարող են դառնալ դասագրքային այն առումով, թե ինչպիսին չպետք է լինի գործադիր իշխանության ղեկավարի եւ դատական իշխանության փոխհարաբերությունները, թե ինչպես չի կարելի արտահայտվել դատական իշխանության նկատմամբ»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հրայր Թովմասյանը «բուդկա»-յի պես սեփականաշնորհել է ՍԴ-ն, Հրայր Թովմասյանն ասաց. «Հանրային ընկալման եւ կոնկրետ մարդկանց ընկալման մեջ դիտարկվում է, թե դա հիմնարկ է, եւ ես էլ այնտեղի դիրեկտորն եմ… ՍԴ-ում արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն ունի հարյուր տոկոսով նույն լիազորությունները, ինչ որ մյուս բոլոր անդամները, եւ նման արտահայտությունը առաջին հերթին վիրավորական է ՍԴ մյուս անդամների նկատմամբ»։

Նա հռետորական հարց հնչեցրեց. «Այդ սեփականաշնորհված բուդկայի՞ն էիք դուք տասնյակ դիմումներ ներկայացնում, դուք, այսինքն՝ երկրի վարչապետը, նախագահը, ԱԺ-ն, դատավորները, արդյո՞ք այդ բուդկայի հետ էին իրենց հարաբերությունները կառուցում Վենետիկի հանձնաժողովը, մի քանի երկրների ՍԴ նախագահները, որոնք այս ընթացքում այցելել են ՀՀ»։

Ըստ Հրայր Թովմասյանի՝  նման արտահայտությունները պատիվ չեն բերում. «Նման բառապաշարը դսակարգային է լինելու այն առումով, թե ինչպես չի կարելի խոսել երկրի 4 սահմանադրական մարմիններից մեկի մասին, որովհետեւ այս մարմինները՝ ՍԴ-ն ու Կառավարությունը, հավասար են, եւ չի կարելի մի մարմնի ղեկավարի կողմից նման բառապաշարով արտահայտվել մյուսի նկատմամբ։ Իսկ արդյո՞ք նույնատիպ, նույնաբովանդակ արտահայտություններ կարելի է օգտագործել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ. ես կարծում եմ, որ չի կարելի»,-ասաց Հրայր Թովմասյանը։

Տեսանյութեր

Լրահոս