«Միգուցե դա «վեթթինգ» անվանումը չկրի, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորների գործունեությունը կլինի ավելի պարզ և մատչել»
Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Ռուբեն Վարդազարյանը երաշխավորում է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ լիովին ապահովելու համար դատավորների անկախությունը:
«Իմ համոզմամբ` Բարձրագույն դատական խորհուրդը պետք է լինի ավելի թափանցիկ, գործողությունները՝ տրամաբանական և հասկանալի: Դրանով իսկ կապահովի դատավորների անկախությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վարդազարյանը:
Նա նշեց, որ չի տեսնում Բարձրագույն դատական խորհրդում նախորդ իշխանության հետ կապեր:
Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխմանը, նա ընդգծեց, որ միգուցե դա «վեթթինգ» անվանումը չկրի, բայց լինելու է մի գործընթաց, որի ընթացքում դատավորների գործունեությունը կլինի ավելի պարզ և մատչելի, ինչպես նաև հասանելի կլինի դատավորի ցանկացած քայլ, այդ թվում` գույքի և եկամտի հայտարարագրեր կլինեն, նրանք քաղաքական կապերի վերաբերյալ տեղեկություն կլինի:
Նիկոլ Փաշինյանի՝ դատավորների հրաժարականի վերաբերյալ հայտնի հայտարարությունից հետո Ռուբեն Վարդազարյանը միակ դատավորն է եղել, որ ասել է՝ պատրաստ է հրաժարական տալ։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այդ ժամանակ ԲԴԽ նախագահի պաշտնը ստանձնելու հեռահար նպատակ ուներ:
«Ես պայծառատես չեմ, ես նույնիսկ Դատավորների ընդհանուր ժողովի օրը վստահ չէի, ինձ քվե կտան, թե ՝ոչ։ Ես հպարտ եմ, որ իմ գործընկերներն ինձ վստահել են այս բարձր պաշտոնը ստանձնելու համար», – նկատեց Վարդազարյանը։
Հարցին՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը համարում է դատավորի անկախությունը խոչընդոտելու փորձ, ԲԴԽ նախագահը պատասխանեց.
«Դավիթ Գրիգորյանը կներկայացնի տեղի ունեցածը, որից հետո իմ դիրքորոշումը կհայտնեմ։ Այս պահին կարող եմ ասել, որ այն փաստաթղթերը, այն տեղեկատվությունը, որն ունի Բարձրագույն դատական խորհուրդն այս պահին որևէ խոչընդոտ չի նկատում, դրա համար էլ հատուկ հրավիրել են Դավիթ Գրիգորյանին, որպեսզի վերջինս ներկայացնի ստեղծված իրավիճակը»։
Լրագրողի այն հարցին՝ պրակտիկայում հիշո՞ւմ է դեպք, երբ դատավորի աշխատակազմից միաժամանակ երեք համակարգիչ առգրավվի և փաստաթղթեր, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ փաստաթղթերի, քաղաքացիական և քրեական գործերի առգրավում հիշում է, բայց համակարգչի առգրավում պրակտիկայում չի հիշում։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը փակ, գաղտնի քվեարկությամբ 8 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվել է ԲԴԽ նախագահ։