Բաժիններ՝

Անժամկետ բողոքի ակցիա են սկսելու՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության

«Տուգանք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչները վաղը ժամը 13:00-ին բողոքի ակցիա կիրականացնեն Ճանապարհային ոստիկանության շենքի մոտ:

«Հայաստանում երթևեկության վիճակը շատ վատ է, այդպիսին է նաև Ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Ծառայությունը, որն իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը, խայտառակ վիճակում է: Բազմիցս դիմել ենք, որ նորմալ աշխատեն, սակայն՝ անարդյունք: Դրա համար կազմակերպում ենք բողոքի ակցիա: Այն լինելու է անժամկետ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ իրենց նպատակը երթևեկության ծառայության որակի բարձրացումն է, իսկ պահանջը՝ երեք պաշտոնյաների հրաժարականը:

«Մեկը ՀՔԲ-ների պատասխանատուն է, մյուսը՝  ճանապարհային նշանների և գծանմուշների պատասխանատուն, մյուսն էլ՝ Երևան քաղաքի ՃՈ պետը»,- նշեց Արտակ Խաչատրյանը:

168.am-ի դիտարկմանը՝  ավելի լավ չէ՞ր համակարգային լուծումներ առաջարկել համապատասխան գերատեսչություններին, պատասխանեց, որ շատ են առաջարկել:

«Նույնիսկ, որպես հասարակ քաղաքացի, կարող ենք լուծումներ չառաջարկել, այլ ասել՝ ընկեր ջան, ձեր ձեռքում է  ծանրաձողը, բարի եղեք, բարձրացրեք: Մեզ նույնիսկ կարող է չհետաքրքրել, թե ինչպե՞ս է ծանրաձողը բարձրանալու, բայց դրա փոխարեն՝  պարբերաբար լուծումներ առաջարկել ենք, որոնք անտեսվել են: Մեզ պետք է արագ գործող, արձագանքող պաշտոնյա»,- պատասխանեց Արտակ Խաչատրյանը:

Իրավապաշտպան Արա Խաչատրյանն էլ նկատեց. «Վերջին ժամանակահատվածում բազմաթիվ վթարներ են եղել՝ մահվան ելքերով, ու սրանց մատների արանքով չի կարելի  նայել: Անմիջական մեղավորությունն իրենց անգործությունն է: Այնքան պետք է աշխատակիցներին փոխեն, մինչև որ իրականություն դառնա մեր ուզածը»:

Բանախոսները քաղաքացիներից նախապես  ներողամտություն հայցեցին՝ վաղը բողոքի ակցիայի ժամանակ ճանապարհին խնդիրներ  առաջացնելու համար, ու խնդրեցին մի քիչ ըմբռնումով մոտենալ:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս