«Միջազգային պայմանագրերում Արցախը ճանաչվել է բանակցությունների լիիրավ կողմ: Ցանկացած փորձ՝ այն փոխելու, հղի է վատ հետևանքներով». Դավիթ Բաբայանը՝ Քավանոյի հայտարարության մասին

Օրերս  ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Քերի Քավանոն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ բանակցությունների ընթացքին և մանրամասներին։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում մանրուքները կարող են հսկայական նշանակություն ունենալ, և եթե Վրաստանի դեպքում փոքրիկ սխալը Թբիլիսիում լայն ցույցերի ալիքի պատճառ է դառնում, ապա Արցախի հակամարտության դեպքում դա տանում է դեպի նոր զոհեր։

«Թեև Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում բեկում չի գրանցվել, այդուհանդերձ զսպվածություն ցուցաբերելու միջնորդների կոչը կարևոր նշանակություն ունի։ Ինչ վերաբերում է միջնորդների առաջարկների բովանդակության շուրջ կողմերի միջև ծագած հակասություններին, ապա կողմերից յուրաքանչյուրը մեջբերում է իր ցանկացած հատվածները։ Նրանք հավանաբար նույն փաստաթուղթն են կարդում, սակայն տարբեր կերպ, հակառակ դեպքում անհավատալի է, որ մի կողմին մի փաստաթուղթ է ներկայացվել, մյուս կողմին՝ մեկ այլ փաստաթուղթ։ Թեև Բաքուն մերժում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ Արցախյան կողմի՝ բանակցություններին միանալու վերաբերյալ, այնուամենայնիվ ներքին կերպով Ադրբեջանում որոշ քայլեր արվել են։ Բաքուն հայտարարել է, որ բանակցությունների ձևաչափը պետք է նույնը մնա, բայց նկատել եմ, որ ներքին կարգով փոխել է իր պատվիրակության կազմը՝ ավելացնելով այնտեղ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը։ Ես սա դիտարկում եմ՝ որպես որոշակի նախապատրաստության նշան՝ բանակցային ձևաչափը փոխելու հեռանկարով»,- ասել է նախկին դեսպանը։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Քերի Քավանոյի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայությունը բանակցություներում ներգրավելու Ադրբեջանի ներքին մտադրությունների վերաբերյալ, նկատեց՝ խնդիրն այն է, որ Ադրբեջանը միշտ էլ փորձել է բանակցություներում ներգրավել ԼՂ, այսպես կոչված, ադրբեջանական համայնքին։

«Չի եղել համանախագահների այնպիսի այց, երբ ադրբեջանական կողմն ինչ-որ պատրվակներով հանդիպում չկազմակերպի նրանց և այդ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այստեղ ես որևէ փոփոխություն չեմ տեսնում և կարծում եմ՝ Ադրբեջանը շարունակելու է իր այդ քաղաքականությունը։ Ճիշտ է, այստեղ ինչ-որ տենդենցներ են նկատվում. Չգիտեմ՝ սա պատահականությո՞ւն է, թե՞ ոչ, բայց որոշ մարդիկ էլ առաջարկել են, որ Արցախը՝ որպես Հայաստանի համայնք, ներկա լինի բանակցություններում։ Պետք է խորությամբ ուսումնասիրել և հասկանալ, թե պարոն Քավանոն ինչ նկատի ունի, սա պարզապես տեսակե՞տ է, թե՞ փորձ է ձևաչափն այդ ձևով փոխելու»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Նա արձանագրեց, որ այդ ձևաչափն իրենց համար ընդունելի չէ, քանի որ Արցախի Հանրապետությունը համայնք կամ այլ միավորում չէ, որը, թեկուզ Հայաստանի պատվիրակության կազմում, մասնակցի բանակցություններին։

«Միջազգային պայմանագրերում,  ԵԱՀԿ Մինսկի գագաթաժողովի ժամանակ և հարակից մի շարք պայմանագրերով Արցախը ճանաչվել է՝ որպես բանակցությունների և հակամարտության լիիրավ կողմ։ Ցանկացած քայլ՝ այն փոխելու, նսեմացնելու, դարձնելու ստորադաս, այլ ոչ թե՝ լիիրավ մասնակից, հղի է վատ հետևանքներով»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Հարցին, որո՞նք պետք է լինեն հայկական կողմի քայլերը՝ նման բան թույլ չտալու համար, Դ. Բաբայանը պատասխանեց՝ պարզապես  հայկական կողմը պետք է հստակ նշի, որ այդ ամենն ընդունելի չէ, որն այդպես էլ կա։

Հաջորդ հարցին՝ եթե Ադրբեջանը բարձրաձայնում է ԼՂ ադրբեջանական համայնքի հարցը, ինչո՞ւ հայկական կողմն էլ չի բարձրաձայնում Ադրբեջանից բռնի տեղահանված հայ փախստականների հարցը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մենք միշտ նրանց իրավունքների մասին բարձրաձայնում ենք, հատկապես, երբ խոսում ենք փախստականների վերադարձի մասին, այնպես չէ, որ նրանք լրիվությամբ անտեսված են։ Մենք միշտ ասել ենք, եթե խոսում ենք փախստականների մասին, ապա նրանց հետ կապված ցանկացած գործողություն պետք է լինի համաչափ, այսինքն, եթե հայ փախստականները չեն կարողանում վերադառնալ Ադրբեջան, ապա խոսք չի կարող լինել ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին Արցախ։ Այստեղ մեր դիրքորոշումը բավականին հստակ է»:

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս