Իշխանությունները վեթինգի հարցի շուրջ այդպես էլ չանցկացրեցին խորհրդակցություններ քաղաքական այլ ուժերի հետ` դրանով իսկ արժեքազրկելով արդեն անցկացված հանրային լսումները

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին.

1. Վենետիկի հանձնաժողովը ընդունել է, որ դատական համակարգի հանդեպ վստահություն չկա: Այն եզրակացրել է, որ համընդանուր վեթինգը իմպերատիվ չէ, սակայն պետք է վերանայել Դատական օրենսգիրքը և ամրապնդել դատական համակարգի կարգապահական ընթացակարգերը: Այսպիսով, այն չի ժխտել խնդիրը, պարզապես վեթինգի փոխարեն առաջարկել է այն լուծելու այլ տարբերակներ: Վեթինգը իսկապես այդ խնդիրը լուծելու միայն մի տարբերակ է, և պետք է իշխանությունների հետ աշխատել կարգապահական մեխանիզմների ամրապնդման, դատավորների բարեվարքությունն ու բարձր էթիկան ապահովելու և նրանց կոռուպացվածությունն արմատախիլ անելու ուղղությամբ:

2. Վեթինգի հարցում Վենետիկի հանձնաժողովի վերապահումները կարող են պայմանավորված լինել հետևյալ գործոններով.

– Ալբանիայում վեթինգի գործընթացում լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես օրինակ` քաղաքական միջամտությունը, դատաիրավական համակարգի անցյալ տարվա ճգնաժամը ու դատական գործերի կուտակումը: Ես և այլ փորձագետներ հենց սկզբից զգուշացրել ենք ալբանական մոդելը կրկնօրինակելու ռիսկերի և ուրիշների դասերը հաշվի առնելով` ազգային կոդելի մշակման անհրաժեշտության մասին: Ցավոք, դա տեղի չունեցավ:

– Հնարավոր է, որ Վենետիկի հանձնաժողովը նկատեց, որ վեթինգի մշակման գործընթացը սխալ հունով է սկսել ընթանալ: ԲԴԽ-ի կողմից վեթինգ անելը այս փուլում շարունակում է մնալ խիստ խնդրահարույց: Ավելի լավ է վեթինգ չանել, քան այն սխալ անել:

– Իշխանությունները վեթինգի հարցի շուրջ այդպես էլ չանցկացրեցին խորհրդակցություններ քաղաքական այլ ուժերի հետ` դրանով իսկ արժեքազրկելով արդեն անցկացված հանրային լսումները:

– Բացի այդ, վեթինգի հայտարարությունը ուղեկցվեց դատարանների մուտքը փակելու ակցիայով, որն անբարենպաստ մթնոլորտ ստեղծեց այդ գործընթացի համար:

– Վենետիկի հանձնաժողովը պետք է որ նկատած լինի վեթինգի հարցում հանրային համերաշխության բացակայությունը:

3. Այս զարգացման դասերից մեկը կարող է լինել այսպիսի նախաձեռնությունների նախօրոք, այլ ոչ թե պոստ ֆակտո բանակցումն ու համաձայնեցումը համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս