«Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում». Ալան Դանկան
WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է գործում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Ալան Դանկանը՝ ամփոփելով Կիտոյում Էկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիայի հետ հանդիպման արդյունքները։
«WikiLeaks-ի հիմնադիրը չի հանձնվի ոչ մի երկրի, որտեղ մահապատիժ է կիրառվում: Երկու երկրների (Մեծ Բրիտանիայի եւ Էկվադորի) միջեւ համաձայնություն է ձեռք բերվել այդ մասին»,- հուլիսի 15-ին մեջբերում է Դանկանի խոսքը EFE գործակալությունը:
Լոնդոնի դատարանը մայիսի 1-ին Ասանժին դատապարտել է 50 շաբաթվա բանտարկության գրավով ազատման պայմանների խախտման համար: Ընթանում է նաեւ նրա ԱՄՆ արտահանձնման պահանջի քննարկումը, որտեղ, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության առաջադրած մեղադրանքների համաձայն՝ WikiLeaks-ի հիմնադրին մինչեւ 175 տարվա բանտարկություն է սպառնում ցանցահենային գործունեության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: