Ապտակ Վենետիկից
Մոտ երկու ամիս առաջ «168 Ժամը» տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ գործող իշխանությունները բավականին կոշտ գնահատականներ պարունակող նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովից (ՎՀ): Ըստ մեր աղբյուրի՝ հանձնաժողովը դատապարտել էր Փաշինյանի կոչի արդյունքում դատարանների մուտքերն արգելափակելու փաստը և իշխանական պատգամավորների անմիջական ներգրավվածությունը կատարվածում: Տառացիորեն գրել էինք նաև, որ Վենետիկի հանձնաժողովը վարչապետի և նրա թիմի գործողությունները պայմանավորել էր Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ, բայց հակակոռուպցիոն պայքարի անվան տակ քողարկած: Նաև մեր ընթերցողին տեղեկացրել էինք, որ հանձնաժողովը պատրաստվում է մոտ ժամանակներում հայտարարությամբ հանդես գալ և համապատասխան գրություններ ուղարկել միջազգային մի շարք կառույցների: Այս մասին, ինչպես նշեցինք, մենք գրել էինք դեռևս մայիսի 27-ին։
ՀՀ կառավարությունը, ըստ էության, թաքցրել էր մեր նշած այդ նամակը, և քանի որ մեր հրապարակումը մեծ աղմուկ առաջացրեց (ի պատասխան իշխանական ճամբարի ներկայացուցիչների «հերքումների» և ֆեյքային հայհոյախառն հարձակումների, մենք պահանջել էինք հրապարակել նամակի օրիգինալը), որոշեցին հրապարակայնացնել ՎՀ նախագահ Ջաննի Բուքիքիոյի մեկ այլ նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը, ապա բնօրինակը , որում ասվում էր. «…դատական համակարգի բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել իրավական միջոցներով, համաձայն Սահմանադրության, և հաշվի առնելով օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի վերաբերյալ եվրոպական չափանիշերը»։ Այս նամակը Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները սկսեցին իրար հերթ չտալով՝ միաձայն և յուրովի մեկնաբանել՝ ցեխ նետելով «168 Ժամի» և այլ ԶԼՄ-ների վրա, թե կեղծ տեղեկատվություն են տարածում։ Ինչպես ասում են, մի կերպ «սվաղեցին» թեման։
Եվ ահա երեկ «Իրավական ուղի» հ/կ-ի կողմից հրապարակվեց այն նամակը, որը ևս իշխանությունները խնամքով թաքցրել էին հանրությունից, և որի մասին մենք մայիսին տեղեկացրել էինք։ Ըստ էության, թերևս, Վենետիկի հանձնաժողովի երկու նամակների բովանդակությունն էլ լայն հանրությանը հասանելի չլիներ, եթե չլիներ մեր հրապարակումը։
Ըստ երեկ հայտնի դարձած՝ ՎՀ-ի արձանագրության մեջ մասնավորապես նշված էր, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանություններն ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ օգտակար, Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) ՎՀ-ում համարում են «հստակ» և «աներկբա», մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ողջունելը, տեսնում են Սահմանադրական դատարանի գործող դատավորների մանդատի նկատմամբ միջամտության վտանգ։
Անդրադարձ է կատարվել նաև այն հանգամանքին, որ «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաև հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում [Վենետիկի] Հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաև պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը և միջազգային ստանդարտներին»։ Այն, ինչի մասին մենք գրել էինք։
Ամենազավեշտալին այն է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պպետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողներին խորհուրդ էր տվել պարզել, թե որտեղի՞ց է կարելի գտնել այդ փաստաթուղթը։ Իսկ Ն. Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն էլ ասել է. «Հրապարակվածը համարում եմ ոչ պատշաճ փաստաթուղթ մեկնաբանության համար: Մենք պետք է նաև հասկանանք, թե ինչպես է ներքին խորհրդապահական փաստաթուղթը հայտնվել մամուլում: Մենք կփորձենք Վենետիկի հանձնաժողովում մեր ներկայացուցիչների միջոցով պարզել այդ հանգամանքը և անել համապատասխան հետևություններ»:
Իշխանական մյուս գործիչներն էլ երեկ օրվա լրահոսը լցնում էին՝ Վենետիկի հանձնաժողովի և նրա եզրակացությունների անկարևորությունը շեշտելով կամ հայտարարելով, թե հանձնաժողովում այնքան էլ լավ չեն հասկանում իրողությունները, կամ, որ ՎՀ-ում չեն պատկերացնում ՍԴ անդամ և դատավոր եզրույթների տարբերությունը։
Դեռևս անցյալ տարի, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետի, Հատուկ քննչական ծառայության ղեկավարի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները տարածվեցին համացանցով և մամուլով, արդեն նախկին Արդարադատության նախարարը՝ ի պատասխան լրագրողների այն հարցի, թե նրան, ի վերջո, հաջողվե՞ց անկախ դատական համակարգ ձևավորել, թե՞ ոչ՝ հաշվի առնելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիտարկումը գաղտնալսման բովանդակության վերաբերյալ, որոնցում ակնհայտ էր դատական համակարգին Փաշինյանի կառավարության միջամտությունը, նա կոչ արեց խորամուխ չլինել այդ ձայնագրության բովանդակության մեջ։ Իհարկե, այդպես էլ հայտնի չդարձավ, թե նախկին նախարար Զեյնալյանն ինչո՞ւ հրաժարական տվեց, սակայն կարծես թե այսօրվա իշխանությունների ձեռագիրն է դարձել՝ ոչ թե բովանդակային զրույց վարել, այլ աղբյուրը պարզել՝ զուգահեռ դատարկ շատախոսությամբ շեղելով հասարակության ուշադրությունը։ Ժամանակին նախկին իշխանություններին նույն այդ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններին հղում տվող և սուր քննադատությունների ենթարկող ընդդիմությունը, այսօր դառնալով իշխանություն՝ թաքցնում է ճշմարտությունը՝ մանիպուլյացնելով և իմպուլսիվ հայտարարությունների միջոցով ներքաղաքական ինչ-ինչ հարցեր լուծելով։ Որքան էլ այսօրվա իշխանությունները ոչ կարևոր համարեն ՎՀ կարծիքը, միևնույն է, դրանք չեն կարող կարող շրջանցվել, անտեսվել: Փաստն այն է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ չէ, ՍԴ-ում ճգնաժամ չկա, ու համատարած վեթինգ չի իրականացվի։ Փաստ է նաև, որ միջազգային կազմակերպությունների կողմից չի կարող խրախուսվել դատարանների մուտքերի արգելափակման՝ անձամբ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը, դատական ռեֆորմները չեն կարող լեգիտիմ համարվել, և այն, որ Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործը իրավական փակուղի է մտնում: