«Մեկ տարի առաջ ժողովուրդն ընտրեց ազատությունը․ որին հետևում է ամենակարևոր հարցը՝ ազատություն հանուն ինչի՞»

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞

Օրեր առաջ՝ խուսափելով իրավական գնահատական տալուց և այն թողնելով սահմանադրագետներին, տարակուսանքս էի հայտնել Վահե Գրիգորյանի ինքնահռչակման պահվածքի, նրա արկածախնդրությունը նախադեպային դարձնելու վտանգավորության և, առհասարակ, այսպես մտածելու որակների ու գործողությունների շուրջ։

ՔՊ-ն՝ քաղաքական մեծամասնությունն, ըստ էության ոչ միայն չկանխեց ընթացքը, այլև կանաչ ընթացք տվեց երևույթին, իսկ որոշ քպ-ական«մասնագետ» պատգանավորներ այնքան ոգևորվեցին իրենց «ձիու քայլով», որ շտապեցին խորհուրդ տալ ՍԴ գործող նախագահին աշխատանքի չգնալ։

Անզուսպ մտասևեռումը, ներքին զսպանակների բացակայությունը, պետություն չհասկանալը, ոչ պրոֆեսիոնալիզմը կամ շատ-ի էյֆորիան բազմաէջանոց նամակ ծնեց․․․
Իմ մտահոգության առարկան բոլորովին անձերը չեն, այլ ինստիտուտները, որոնք պետություն են ձևավորում, ավանդույթներ, սովորութային նորմեր՝ գրավոր և անգիր․․․

Տրվեցին իրավական գնահատականներ, մեկնաբանություններ, բայց հեղափոխական աղմուկի մեջ չլսվեց կամ ցույց տրվեց, թե չի լսվում քաղաքական այլ ուժերի և պրոֆեսիոնալների ձայնը։ Չի լսվում, որովհետև չափանիշը նեղ շահն է, վրեժխնդրությունը, իսկ թանձրացող բաժանարարները խլացրել են բանականությունը։

Եվ ահա, չի ուշանում Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը` վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին․

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, ՀՍՏԱԿ և ԱՆԵՐԿԲԱ սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼ մինչև 2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:

Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանի կողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջատության վտանգ»։

Նաև իշխանության հետ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»։

Կարելի է և ուրախանալ․ միջազգային կառույցի ջանքով կանխվում է երկրիրը ցնցումների տանող, անհավասառակշիռ մի քայլ։ Բայց ինձ տխրեցնում է դիսից եկած ճշմարտությանը անսալը․․․ Ավաղ, չունենք քաղաքական հասունության ու պետական մտածողության այն մակարդակը, որ թիմային շահերն ու մանիպուլյացիաները չդառնան քաղաքական վարքագիծ ու օրակարգ։

Համոզված չեմ, որ մեկ այլ առիթով նորից գլուխ չի բարձրացնի դեպի ոչ մի տեղ չտանող թայֆայական մոտավորապեսությունն ու ամբարտավան մաքսիմալիզմը։

Սա է՞ «նոր Հայաստանը», ուր դեռ շարունակվում է Տիզբոնից մարզպան բերելու ու Ռուսաց թագավորին նամակ գրելու ավանդույթը․․․

Մեկ տարի առաջ ժողովուրդն ընտրեց ազատությունը․ որին հետևում է ամենակարևոր հարցը՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞
15.7. 2019»։

Տեսանյութեր

Լրահոս