Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի ներկայանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հիմք ընդունելով ՀՀ ԱՀ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ-ի 15.07.2019 թ. թիվ 562 հեռախոսագիրը պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Յուրիկ Վանիկի Բրոյանի տեղափոխումը բուժհաստատությունից զորամաս իրականացնելու վերաբերյալ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցները նույն օրը ներկայացել են ՓԲԸ` զինծառայողի տեղափոխումն իրականացնելու, սակայն տեղում պարզել են, որ շարքային Բրոյանը այլևս բուժհաստատությունում չէ, դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել անհայտ ուղղությամբ:
Ռազմական ոստիկանությունը կապ է հաստատել զինծառայողի մոր հետ: Վերջինս պատասխանել է, որ որդին չի պատրաստվում ներկայանալ զորամաս:
Շարքային Յու. Բրոյանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կոմիտե» ՓԲԸ էր տեղափոխվել ս.թ. հունիսի 6-ին»,- գրել է Հովհաննիսյանը:
ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինծառայողին զորամաս վերադարձնելու ուղղությամբ»: