Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը հարգանքով է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է ակտիվ փոխգործակցության արդյունքում զարգացնել երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ուղղություններով:
Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, անդրադարձել ՀՀ-ում հակակոռուպցիոն և դատաիրավական ոլորտներում նախատեսվող բարեփոխումներին, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերի հստակեցմանը և այլ հարցերի: