«Օդի գումարը բարձր է, օրենքի փոփոխության առաջարկ ենք անելու». Տաթևիկ Ռևազյան
Թռիչքային անվտանգությունը բարձր մակարդակում ապահովելու համար կարևոր է կրթությունը։ Քանի որ Հայաստանն այն պետությունը չէ, որ կարող է գումարները շռայլորեն ծախսել, կարևոր է, որպեսզի անվճար տեղեր գտնենք տարբեր ավիացիոն դպրոցներում ու համալսարաններում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ոլորտի ներդրումների կարևորությանը։
Ըստ նրա, քանի որ շատ է ճանապարհորդել, կարողացել է մի քանի երկրների քաղավիացիաների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ անվճար կրթության տրամադրման համար։ Այդ երկրներից են Սինգապուրը, Չինաստանը, Ֆրանսիան և այլն։
Նրա խոսքով՝ այս ամենին զուգահեռ, կարողացել է ոլորտի հմուտ մասնագետներ բերել Հայաստան, որոնք խոստացել են անվճար ծառայություններ տրամադրել Հայաստանին։
«Վերջերս Հայաստան էր եկել Լեն Վինգսը, նա հմուտ աուդիտորներից մեկն է, նա աշխատում է միջազգային քաղավիացիայում։ Երբ նա գնում է այս կամ այն երկիր և խորհուրդներ տրամադրում, Կառավարությունը վճարում է 20-30 հազար դոլար։ Նա մեզ որևէ սահմանափակում չի տվել, քանի տարի պետք լինի, նա մեր կողքին կանգնած կլինի»,- նշեց Տ. Ռևազյանը։
Նա նաև հավելեց, որ այնպես է արել, որպեսզի Հայաստանի քաղավիացիան հայտնի լինի բոլորին, և այսօր չկա որևէ քաղավիացիա, որ չիմանա Հայաստանի տեղը։
«Մենք Հայաստանի հանդեպ պետք է ցուցաբերենք պրոֆեսիոնալիզմ։ Վերջերս մենք գրանցել ենք երկու փոքր «Սեսնա» օդանավ՝172, 177, այս տարվա ընթացքում գրանցել ենք նաև օդապարիկ։ Այսինքն՝ փոքր ավիացիայի զարգացման առաջին քայլերն արդեն սկսվել են։ Ճիշտ է, շատ խնդիրներ ունենք, մեր քաղավիացիան սովոր չի եղել փոքր ավիացիայով զբաղվել, հիմա մասնավորի հետ համագործակցում ենք, թե ինչ պետք է անենք, որ խոչընդոտները վերացնենք։ Օրենքը փոխելու մեր առաջարկն արդեն պատրաստ է՝ գերթեթև օդանավերի հետ կապված, այժմ գրեթե անհնար է նման օդանավեր գրանցել Հայաստանում»,- շեշտեց Տ. Ռևազյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ օրենքի փոփոխության առաջարկ են անելու նաև օդի փողի հետ կապված, քանի որ նոր ավիաընկերություններ բերելու ամենամեծ խոչընդոտներից մեկն այն է, որ Հայաստանում ծախսերը շատ բարձր են։
«10 հազար դրամը փոքր գումար չէ, մեզ ուզում ենք առաջարկել օդի փողը նոր ուղղությունների համար հանել։ Մեզ պարզ ասել են, եթե մենք այս օրենքն ընդունենք, և միաժամանակ «Զվարթնոց» օդանավակայանը պատրաստ լինի իր սակագներն իջեցնել նոր ուղղությունների համար, ապա նոր ավիաընկերություններ մուտք կգործեն շուկա 2020 թվականին»,- շեշտեց Տաթևիկ Ռևազյանը։
Զվարթ Խաչատրյան