Հոսանքի տատանումներից փչացած տեխնիկայի համար փոխհատուցում կստանան
Այն բաժանորդները, որոնց կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի տատանումներից, կարող են փոխհատուցում ստանալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։
«Էլցանցերը» փոխհատուցում կվճարի, եթե տեխնիկան փչացել է ոչ թե տերերի անփութության, այլ հոսանքի տատանումների պատճառով։ Դրա համար պետք է դիմել ընկերության տեղի սպասարկման բաժին և դիմում գրել։ «Մենք պարբերաբար ենք դիմումներ ստանում բաժանորդներից։
Վերջին երկու օրերին, բնականաբար, ավելի շատ ենք ստանում, բայց շարունակում ենք այդ դիմումներին ընթացք տալ»,- ասաց ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։
Նշենք, որ հուլիսի 10-ին Հայաստանում հոսանքի զանգվածային անջատումներ գրանցվեցին։ Խափանումը տեղի էր ունեցել բարձրավոլտ ցանցում, այսինքն՝ «Էլցանցերը» դրա հետ կապ չի ունեցել (ընկերությունը սպասարկում է մինչև 110 կիլովատտ ցանցերը)։ Այդուհանդերձ, «Էլցանցերը» պատրաստ է փոխհատուցում վճարել։