«Հայաստանում հեղափոխությունը եղել է շատ ավելի վաղ, քան այն տեղի է ունեցել». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում մասնակցում է մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպած «ՍՄԱՐԹամեջ» միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցում են նաև  ԿԳ, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ հարությունյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և այլք։

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը խոստովանեց, որ վաղուց էր ցանկանում գալ և տեսնել կենտրոնը։

«Չեմ ուզում ասել՝ տեսա ավելին, ինչ սպասում էի, գիտեի, որ այն առավել է, ինչ սպասում էի, պիտի տեսնեի: Երեկ քննարկում ունեցա սփյուռքի մեր նշանավոր գործիչներից մեկի հետ, և խոսակցությունը գնաց այնպես, որ խոսեցինք հեղափոխության մասին։ Ասացի, որ պատմագիտության մեջ ընդունված է ասել, որ յուրաքանչյուր հեղափոխություն ունենում է իր տնտեսական հենքը։ Այդ թեմայի մասին ես շատ եմ մտածել և վերջերս արձանագրել եմ, որ մեր հեղափոխությունը ևս ունեցել է իր տնտեսական հենքը։ Քանի որ Հայաստանում հեղափոխությունը եղել է շատ ավելի վաղ, քան այն տեղի է ունեցել։ Տնտեսական հեղափոխության հիմքն այն մարդիկ են, որոնք գիտության, կրթության, բիզնեսի ոլորտներում ցուցաբերել են նախաձեռնություններ, որոնք դուրս են եղել ավանդական օլիգարխիկ կոռումպացված շրջանակից»,-նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ տեսնում է, որ Հայաստանում տեղի են ունենում նախաձեռնություններ, և այդ նախաձեռնություններից ամենակարևորը, որը վարչապետի կարծիքով՝ ունեցել է հեղափոխական նշանակություն, սփյուռքի գործիչների վերաբերմունքի փոփոխությունն է հայրենիքում անելիքի վերաբերյալ։

«Երբ մի ինչ-որ պահից մարդիկ հասկացան, որ ոչ թե կոշիկ, հագուստ ու ուտելիք պետք է տան հայաստանցիներին, մեր մեջ ասած գործունեության այս ձևը որևէ կերպ չի կարելի թերագնահատել, քանի որ այն ժամանակ, երբ Հայաստանը սովի եզրին էր, այդ կոշիկը, սնունդը Հայաստանին փրկել է սովից։  Այդ գործիչները եկան այն եզրակացության, որ զուտ բարեգործական տրամաբանությունը պետք է փոխել զարգացման տրամաբանությամբ, որ պետք է իրականացնեն այնպիսի նախագծեր, որը կօգնի մարդկանց»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա բնորոշմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բանաձևն  այն է, որ օգնեն մարդկանց, որպեսզի հավատան իրենք իրենց։

«Նախկինում մարդիկ հավատում էին քաղաքական առաջնորդներին, նրանց հետ հույս էին կապում, իրենց անելիքը տեսնում նրանց քաղաքական դաշտում։ Իսկ 2018 թվականի գարնանը մարդիկ հավատացին իրենք իրենց, այլ ոչ թե այն մարդկանց որոնք կանգնած էին հարթակում, մարդիկ հասկացան, որ Հայաստանում իրենք են որոշիչ ուժը։ Սա սկսվել է շատ վաղուց, երբ մեր շատ ու շատ երեխաներ ծնվում են գյուղում և տեսնում ցեխոտ ու կիսաքանդ ճանապարհներ, խարխուլ տներ, աշխատող և չարչարվող ծնողներ, որոնց աշխատանքն իրենց երջանկություն ու բավարարավածություն չի բերում և կողքից անընդատ լսում են, թե այ բալա ջան՝ մենք ո՞վ ենք, ինչ կարող ենք անել, կամ դու՝ ինչ կարող ես անել, ո′չ մեջք ունես, ո′չ ծանոթ։ Հեղափոխությունը մեր երեխաներին ասում է, որ դուք կարող եք փոխել աշխարհը՝ բառիս բուն իմաստով։ Իսկ Կառավարության դերն այն է, որ ստեղծի ենթակառուցվածքներ այդ ամենն իրականցնելու համար»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս