ԱՄՆ-ը չունի որևէ նախաձեռնություն

«Վաշինգտոնում որևէ սեպարատ ծրագիր չի մշակվում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, ավելին, Վաշինգտոնը շարունակում է իր աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։ Ամերիկյան առաջարկ սեղանին չկա, ավելին, Միացյալ Նահանգներն այդքան էլ ակտիվ չեն այս ժամանակահատվածում՝ որպես համանախագահ պետություն, գոնե այն առումով, որ պետքարտուղարը դեռ հանդիպում չի ունեցել ոչ Հայաստանի, և ոչ էլ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, իսկ Ֆրանսիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպում ունեցել են»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով կարծիքներին, որ Կոնգրեսում ընդունված հայանպաստ բանաձևերը կարող են կապ ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկյան նախաձեռնության հետ։

Նա նշել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության արժանացած այս երկու բանաձևերը որևէ առնչություն չունեն ոչ ՀՀ արտաքին քաղաքականության, ոչ էլ դիվանագիտական ջանքերի հետ։ Նրա վստահեցմամբ՝ դրանք բացառապես մեր լոբբիստների աշխատանքի արդյունքն են, և այդ աշխատանքը շարունակական բնույթ է կրում թե այս Կոնգրեսում, և թե նախորդ Կոնգրեսում։ Իր հերթին՝ ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ ԱՄՆ-ը կայացրել է իր որոշումը և աջակցելու է Ստեփանակերտին՝ չտրվելով Երևանի և Բաքվի կողմից իրենց խաղաքարտերի շահարկմանը։ Սակայն, նրա հավաստիացմամբ, ԱՄՆ-ը չունի որևէ նախաձեռնություն կարգավորման ուղղությամբ և չի գործում մյուս համանախագահներից անջատ։

Տեսանյութեր

Լրահոս