Մարգարյան փողոցում կնոջ են կողոպտել
Հունիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով Երևանի Սիլիկյան թաղամասից 27-ամյա երիտասարդի էին բերման ենթարկել բաժին։
Պարզվել էր, որ մայրաքաղաքում ապրող երիտասարդը ապրիլին 16-րդ թաղամասում «Մերսեդեսի» կողային հայելիներ էր հափշտակել, ինչպես և Աջափնյակի տարբեր թաղամասերում մի շարք գողություններ արել։ Նա տվեց խոստովանական բացատրություն և օրեր անց կրկին բերման ենթարկվեց։ Այս դեպքում՝ կողոպուտ կատարելու կասկածանքով։
Պարզվեց, որ հունիսի 24-ին նա Մարգարյան փողոցում մի կնոջ էր կողոպտել՝ պարանոցի ոսկյա շղթան բացահայտ հափշտակելով։ Բերման ենթարկվածը կրկին խոստովանեց կատարածը։ Կողոպուտի փաստով քրեական գործ հարուցվեց։ Դեպքից օրեր անց երիտասարդին մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։
Հունիսի 22-ին դարձյալ Մարգարյան փողոցում կողոպուտ էր տեղի ունեցել, ինչի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել։ Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ ունեին, որ այդ կողոպուտը ևս կատարել է արդեն կալանավորված երիտասարդը։
Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում հուլիսի 7-ին 27-ամյա երիտասարդը ցուցմունք տվեց, որ հունիսի 22-ին Մարգարյան փողոցում մի կնոջ պարանոցից պոկել է ոսկյա շղթան ու փախել։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։