ՀՀ կառավարության դրական գնահատականն անկում է ապրել. IRI

Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի ՀՀ-ում իրականացրած  հանրային կարծիքի ուսումնասիրության «Հանրային ակնկալիքներ» բաժնում տեղադրված արդյունքների համաձայն՝  ՀՀ կառավարության փոփոխության դրական գնահատականը վերջին ամիսներին անկում է ապրել։

Հարցին՝  «Ինչպե՞ս եք դիտարկում Հայաստանում Կառավարության փոփոխությունը»՝ 2018 թվականի օգոստոս ամսվա համար չափազանց դրական են պատասխանել հարցվածների 39%-ը, հոկտեմբեր ամսվա համար՝ 41%-ը, և այս տարվա մայիս ամսվա համար ՀՀ կառավարության փոփոխությունը դրական է դիտարկել հարցվածների 28%-ը, որով տեսանելի է հանրային տրամադրության անկումը, որը տեղի է ունեցել է վերջին ամիսներին։

Այս հարցմանը մասնակցած ՀՀ քաղաքացիների 27%-ը ՀՀ կառավարության ամենամեծ հաջողությունն է համարել կոռուպցիայի մակարդակի նվազեցումը, 11%-ը՝ մարդկանց հոգեբանական վիճակի բարելավումը, 11%-ը՝ ՀՀԿ-ի ձախողումը, 10%-ը՝ ժողովրդավարության ներդրումը։ Վատ կառավարումն այս կառավարության ամենամեծ ձախողումն է համարել հարցվածների 22%-ը, քաղաքական անկայունությունը՝ 9%-ը։

«Ձեր կարծիքով՝ որո՞նք են այն 3 փոփոխությունները, որոնք պետք է իրականացնի Նիկոլ Փաշինյանը հաջորդ 6 ամիսների ընթացքում» հարցին սոցիոլոգիական հարցմանը մասնակցածների 15%-ը պատասխանել է, որ պետք է աշխատատեղեր ստեղծվեն, 9%-ը՝ լուծվեն սոցիալ-տնտեսական խնդիրները, 6%-ը՝ ավելացվեն կենսաթոշակները, 5%-ը՝ բարձրացվեն աշխատավարձերը, 4%-ը՝ կարգավորվի ԼՂ հակամարտությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարը, աղքատության վերացումը, արդարադատության, ժողովրդավարության կայացումը, ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը, քաղաքական կայունությունը ևս հարցվածների կողմից մատնանշվել են՝ որպես լուծման արժանի խնդիրներ։

Հիշեցնենք, որ հարցումներն իրականացվել են այս տարվա մայիսի  6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

 

Տեսանյութեր

Լրահոս