Բաժիններ՝

Կանայք ավելի շատ են կողմ ծխելն արգելելու քաղաքականությանը, քան տղամարդիկ. հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտի սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանում հարցվածների 44 տոկոսը լիովին գոհ է հասարակական վայրերում ծխելն արգելելու քաղաքականությունից:

Հարցվածների 26 տոկոսը գոհ է, բայց մասնակի: Հարցվածների 13 տոկոսը մասամբ դժգոհ է, նույնքան տոկոս էլ կազմում է միանշանակ դժգոհողների թիվը:

Հարցման արդյունքների համաձայն, կանայք ավելի շատ են կողմ ծխելն արգելելու քաղաքականությանը, քան տղամարդիկ: Մասնավորապես, նշված քաղաքականությունից գոհ է հարցված կանանց 57 տոկոսը, իսկ տղամարդկանց՝ 28 տոկոսը: Միանշանակ դժգոհողները կանանց դեպքում 5 տոկոս են կազմում, տղամարդկանց դեպքում՝ 21:

Հարցվածներն իրենց կարծիքն են հայտնել նաև ծխախոտի հարկերի բարձրացման վերաբերյալ: Կանանց 37 տոկոսը միանշանակ գոհ է, 24 տոկոսը մասնակի գոհ է, 13 տոկոսն ընդհանրապես գոհ չէ: Նշված հարցի վերաբերյալ տղամարդկանց 37 տոկոսը միանշանակ դժգոհ է, 24 տոկոսը մասամբ է դժգոհ, միայն 16 տոկոսն է, որ միանշանակ գոհ է:

Մեթոդաբանություն

ՄՀԻ հարցումն իրականացրել է Դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից։ Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան։ Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի մայիսի 6-ից մայիսի 31- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով։ Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից։ Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի։ Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 2․5 տոկոսը։ Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս