Եթե ԱԺ ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը, «Իմ քայլը» կստանար 59%, ԲՀԿ-ն՝ 12%, ՀՀԿ-ն՝ 5%․ IRI
Միջազգային հեղինակավոր Հանրապետական ինստիտուտը (IRI), Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ, ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրություն է իրականացրել։ Հարցումներն իրականացվել են այս տարվա մայիսի 6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։
IRI-ի կայքում տեղադրված արդյունքների «Քաղաքական կուսակցությունները և Կառավարությունը» բաժնից ներկայացնում ենք մի քանի ուշագրավ տվյալներ։
Հարցին, թե՝ «Ո՞ր կուսակցությանը կընտրեիք, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի օրը» և «Որ այլ կուսակցության օգտին կքվեարկեիք, եթե Ձեր առաջին ընտրությունը հասանելի չէ» հարցվածների 59%-ը որպես առաջին ընտրություն՝ քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին, և 6% տոկոս՝ որպես երկրորդ ընտրություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 12%-ը՝ որպես առաջին ընտրություն, և 21%՝ որպես երկրորդ ընտրություն։ Այս հարցման երրորդ տեղում է հայտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), ում օգտին քվեարկել է հարցվածների 5%-ը՝ որպես առաջին ընտրություն, և 2%՝ որպես երկրորդ ընտրություն, «Լուսավոր Հայաստան» և «Դաշնակցություն» կուսակցությունները ստացել են 4-ական տոկոսներ, իսկ «Սասնա ծռեր» կուսակցությունը՝ 1%։
Հարցվածների 10%-ը, որպես առաջին ընտրություն, չի քվեարկել որևէ կուսակցության օգտին, և որպես երկրորդ ընտրություն՝ որևէ կուսակցության օգտին չի քվեարկել հարցվածների 34%-ը։ Պատասխան չի ունեցել հարցվածների 5%-ը՝ որպես առաջին, և 15%-ը՝ որպես երկրորդ ընտրություն։
«Ո՞ր կուսակցության օգտին երբեք չէիք քվեարկի» հարցին հարցվածների 56%-ը պատասխանել է՝ ՀՀԿ-ի, 23%-ը՝ ՀՅԴ-ի, 12%-ը՝ «Լուսավոր Հայաստանի», 11%-ը՝ «Բարգավաճ Հայաստանի», 10%-ը՝ «Իմ քայլի», 2%-ը՝ «Սասնա ծռերի» օգտին։ «Ոչ մեկի» պատասխանել է հարցվածների 14%-ը և պատասխան չի ունեցել 11%-ը։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը