Բաժիններ՝

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ

Միավորված ազգերի կազմակերպության Ժնևյան գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը հուլիսի 8-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերի (Peter Maurer) հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են վերջերս Ժնևում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի միջև կայացած հանդիպմանը, քննարկել դրա ընթացքում արծարծված հարցերի իրագործման ընթացքը։

Դեսպան Հովհաննիսյանը բարձր է գնահատել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում` շեշտելով կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակներում իրականացվող գործունեության կարևորությունը։

Անդրանիկ Հովհաննիսյանն ու Պետեր Մաուրերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխգործակցության օրակարգային հարցերի շուրջ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի տարբեր գերատեսչությունների հետ ԿՄԽԿ ոլորտային համագործակցությունը, այդ թվում՝ միջազգային հումանիտար իրավունքի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։

Դեսպան Հովհաննիսյանն ընդգծել է ԼՂ հակամարտության գոտում բնակվող մարդկանց անօտարելի իրավունքների ապահովման կարևորությունը, նրանց հումանիտար իրավունքի անշեղ իրագործումը։ Հայաստանի մշտական ներկայացուցիչն առանձնահատուկ շեշտել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը խաղաղ գործընթացի առաջմղման գործում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս