Ով է Արցախի գլխավոր դատախազի՝ Բակո Սահակյանի նոր թեկնածուն. հրաժարականի իրական պատճառը

Քիչ առաջ հրաժարական է տվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը: Արցախի գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հրապարակված հրաժարականի տեքստում քաղաքական դրդապատճառներ են նշվում, մասնավորապես,  ասվում է, որ  Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելն այլևս անհամատեղելի է դարձնում  Գլխավոր դատախազի գործառույթը՝ կուսակցական, քաղաքական աշխատանքի հետ:

«Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից»,- ասված է Մոսիյանի հայտարարության տեքստում:

Արթուր Մոսիյանը նաև շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության իշխանություններին` իրեն խիստ պատասխանատու այդ պաշտոնը վստահելու համար, և վստահեցրել, որ կուսակցական, քաղաքական աշխատանքում ևս իր ուժերն անվերապահորեն նվիրելու է համազգային խնդիրների լուծմանը:

Իսկ իրականում այս հրաժարականը քայլ առաջ ճիշտ հաշվարկած որոշում է եղել:  Արթուր Մոսիյանը, ում դաշնակցականները դիտարկում են՝ որպես Արցախի նախագահի իրենց թեկնածու,  և պատրաստվում են այսուհետ քաղաքական արշավում նրան իբրև թեկնածու  ներկայացնել, հնարամտորեն օգտվել են շանսից: Օր  առաջ արված  հրաժարականի տեքստով մի կողմից՝ Մոսիյանը կանխել է պլանավորված պաշտոնանկությունը, ինչը կթուլացներ իրեն՝  հետագա քաղաքական քայլերի համար, մյուս կողմից՝  այդպիսով ՀՅԴ-ն  փորձում  է ցույց տալ, որ տարանջատվում է Արցախի իշխանությունից:  Այս դիվիդենտները ճիշտ օգտագործելու դեպքում Դաշնակցությանը կծառայեն հատկապես խորհրդարանական ընտությունների ընթացքում, իսկ դրա կարիքն Արցախում այս ուժը շատ ունի:

Փաստորեն, Արցախի գլխավոր դատախազի նոր թեկնածուի նշանակման հարցն արդեն իսկ եղել է նախագահ Բակո Սահակյանի օրակարգում: Եվ սա ուժային կառույցներն ուժեղացնելու մարտավարական քայլերից մեկը, թերևս,  պիտի լիներ նախագահի համար, որով Բակո Սահակյանն առաջնորդվեց վերջերս՝  Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի, ոստիկանապետի կադրային ընտրության հարցում:

Այդպիսով, Բակո Սահակյանը պատրաստվում է ուժեղացնել նաև այս լծակը: Իսկ նոր թեկնածուի մասով մեր աղբյուրը միայն մեկ անուն է նշում՝ Մոսիյանի տեղակալ Սևակ Հակոբյանի անունը: Այլ անուներ մինչ այս պահը չեն շրջանառվում, ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատած կադրին Բակո Սահակյանը դիտարկում է՝ որպես միակ  արժանի փոխարինող:

Հիշեցնենք, Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը Արթուր Մոսիյանը զբաղեցնում էր 2014թ. հոկտեմբերի 29-ից։

Սյուզի Բադոյան

Տեսանյութեր

Լրահոս