Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Արման Կիրակոսյանի ընտանիքին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 8-ին ցավակցական հեռագիր է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանի ընտանիքին:
Հեռագրում ասված է.
«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանի վաղաժամ մահվան մասին:
Արման Կիրակոսյանը հայ լավագույն դիվանագետներից էր, մարդ, ով, զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատում եւ դիվանագիտական առաքելություններում, իրեն դրսեւորել է որպես փորձառու, բանիմաց, հմուտ մասնագետ, պարկեշտ եւ հայրենասեր անձնավորություն:
Մեծ էր նրա ավանդն Արցախի շահերի պաշտպանության, տարբեր միջազգային հարթակներում մեր հանրապետության մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման գործում:
Արման Կիրակոսյանի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում:
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»։