Ամեն ինչ անելու ենք Եվրոպայի առաջնությունում արժանապատիվ խաղալու համար. Արթուր Ոսկանյան
Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների թիմը Եվրո-2019-ից առաջ նախապատրաստական փուլում շեշտը դրել էր պաշտպանական գոտու ամրապնդման վրա:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը նշեց, որ նախապատրաստական փուլի երկու ընկերական խաղերում հավաքականը նորմալ դրսևորեց իրեն: «Ընկերական երկու խաղից առաջինում մրցեցինք փորձառու «Ալաշկերտ»-ի հետ, որտեղ մի քանի սխալ թույլ տվեցինք պաշտպանությունում: Ամեն դեպքում տղաները պայքարեցին բոլոր դրվագներում: Իսկ «Լոռի»-ի դեմ խաղում պայքարը ծավալվեց անհատապես ուժեղ ֆուտբոլիստների հետ»,- ասաց Ոսկանյանը:
Մասնագետի խոսքով` կարևորն այն է, որ հանդիպումների ընթացքում գրեթե բոլոր ֆուտբոլիստները զերծ մնացին վնասվածքներից, միայն Սարգիս Մարտիրոսյանը, ով հանդես է գալիս գերմանական «Հանզա Ռոստոկ» ակումբում, թեթևակի վնասվածք ունի:
«Այս հավաքի ընթացքում հիմնական շեշտը դրված էր պաշտպանական գծի ուժեղացման վրա: Նաև լավ աշխատանք ենք տարել ֆիզիկական պատրաստվածության ուղղությամբ: Ամեն ինչ անելու ենք Եվրոպայի առաջնությունում արժանապատիվ խաղալու համար»,-շեշտեց նա: Ոսկանյանն առանձնացրեց, որ թիմի համար առաջնային է մարզադաշտերում լեցուն տրիբունաներ տեսնելը:
Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:
8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:
Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին:
Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:
Վարվառա Հայրապետյան