«Մեկը մյուսի հետ կապելը, ինձ թվում է, սխալ է». Կարեն Սիմոնյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումների մասին
«Ինձ նման տեղեկություն հայտնի չէ, որքան գիտեմ՝ ձգձգումը կապված է նրա հետ, որ վավերացումը շատ ավելի երկար ժամանակ է տևում, քան պետք է, բայց դա նորմալ պրոցես է, ընթացքում է, և մեկը մյուսի հետ կապելը, ինձ թվում է, սխալ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը եվրոպական երկրները ձգձգում են՝ Հայաստանից պահանջելով նախ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։
Ըստ նրա՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ընթացքում որևէ նման պայման չի առաջադրվել. «Այն հանդիպումների ընթացքում, որոնց ես ներկա եմ եղել, նման պայման չի դրվել՝ ո՛չ դեսպանների կողմից, ո՛չ այլ պետությունների ներկայացուցիչների կողմից»։
Կ. Սիմոնյանի խոսքով՝ «Ստամբուլյան կոնվենցիան» ԱԺ օրակարգում չի, դեռևս չի ծանոթացել դրան։
Անդրադառնալով ՀՀ իշխանություններին ուղղված ԵԽԽՎ կոչին՝ ապահովել ԼԳԲՏ անձանց անվտանգությունն ու ազատությունը, պատգամավորը նշեց, որ ԵԽԽՎ-ն բազմիցս նման կոչեր հնչեցնում է՝ և ոչ միայն ուղղված Հայաստանին, այլ ցանկացած երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ պետություններին. «Ինձ թվում է դա դեկլարատիվ բնույթ է կրում և կապված չի կոնկրետ ինչ-որ խնդրի առկայության հետ»։