Բաժիններ՝

Ասֆալտը փոխվում է ըստ անհրաժեշտության և կրկնակի ծախսերից խուսափելու նպատակով. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է, որ այս օրերին քաղաքում ասֆալտի թարմացման աշխատանքներն իրականցվում են միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Երևանի տարբեր հատվածներում այս օրերին ասֆալտապատման ծավալուն աշխատանքներ են իրականացվում: Քաղաքապետարանի ծրագրով 2019թ. նախատեսված է 600 հազար քմ ասֆալտապատում:

Ինչպե՞ս են ընտրվում փողոցներն ու ի՞նչ սկզբունքով: Քաղաքացիներից շատերը վերջին օրերին իրենց անհանգստությունը հայտնեցին. արտաքուստ բարեկարգ փողոցներն ինչու՞ են նորից ասֆալտապատվում: Քաղաքապետարանը պարզաբանում է. ասֆալտը թարմացվում է միայն անհրաժեշտության դեպքում ու հատվածաբար, երբ ճաքալցումը կամ փոսալցումն անօգուտ են:

«Այստեղ հնարավոր չէ ճաքալցման եղանակով ասֆալտը պահպանել, մենք կարող ենք առանձին՝ մեկ, երկու երկայնական ճաքերը պահել, բայց սա ամբողջը ցանց է: Եթե այսպես մնա, ձմռանը, օրինակ, -40 աստիճանի դեպքում կամ էլ անձրևի ժամանակ ամբողջ ասֆալտը կքայքայվի», – մանրամասնում է շինարարության և բարեկարգման վարչությունից Ֆելիքս Յայլոյանը:

«Մենք ծավալ չենք մեծացնում: Մեքենան վարելիս չի երևում, բայց ոտքով քայլելիս ցանցային ճաքերը երևում են և հենց դրանք էլ ասֆալտապատվում են, մինչդեռ մեկ գծով ճաքերը հիմնականում ճաքալցման կարիք են ունենում»,-նշում է կապալառու ընկերության ներկայացուցիչ Միքայել Գրիգորյանը:

«Առաջին հայացքից բոլորին պարզ էր, որ Արշակունյացը բարվոք վիճակում է, բայց կային բազմաթիվ ալիքներ և քարտեզատիպ ճաքեր, որոնք անհնարին է պահպանել: Եթե այստեղ ճաքալցում անենք, ապա կարճ ժամանակ անց կրկին խնդիր էր ծագելու և արդեն կրկնակի ծախսի կարիք կլիներ»,-նշում է քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Վաղարշյան փողոցում և Երևանի մուտքը համարվող Թբիլիսյան խճուղու մի շարք հատվածներում ասֆալտը կթարմացնեն առաջիկա օրերին:

Յուրաքանչյուր փողոցի համար կազմվել է առանձին նախագիծ:

Ֆրանսիայի հրապարակի և Աբովյան պուրակից դեպի Հաղթանակ զբոսայգի բարձրացող ճանապարհի ասֆալտն արդեն թարմացվել է:

«Շատերը քայլում են և չեն նկատում այն վիճակը, որն ավելորդ անհարմարություններ է ստեղծում վարորդների համար: Կարևոր է, որ հատկապես կենտրոնական փողոցները լավ վիճակում լինեն», – նշում են վարորդները:

Ասֆալտապատումը հիմնականում կազմակերպվում է ցերեկային ժամերին: Պատճառը օրենսդրության պահանջն է. այն փողոցներում, որտեղ մոտակայքում բնակելի շենքեր կան, ժամը 22.00-ից մինչ առավոտյան 06.00-ն աշխատանքներն արգելվում են:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված է վարչական տույժ»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:

Սա չի նշանակում, սակայն, որ գիշերն առհասարակ գործ չի արվում: Մայրաքաղաքի ոչ խիտ բնակեցված հատվածներում ասֆալտապատումը կազմակերպվում է գիշերային ժամերին:

Քաղաքապետարանը վստահեցնում է՝ աշխատանքը կատարվում է որակով: Այսօր արդեն կան որոշակի տնտեսումներ, որոնցով ավելի շատ փողոցներ կնորոգվեն ու կհիմնանորոգվեն։

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունն ու հիշեցնում՝ փողոցներն ու մայթերը բարեկարգվում են բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունն ապահովելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս