ԲԴԽ անդամության թեկնածուն խնդրեց հրաժարվել «վեթինգ» բառից, քանի որ այն ոչ միշտ է իր մեջ դրական պոտենցիալ պարունակում

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում Աննա Մարգարյանի թեկնածությունը, որը ներկայումս ԳՐԵԿՈ-ում ՀՀ պատվիրակության ներկայացուցիչ է:

«Բոլորս ունենք մեկ խնդիր՝ ապահովել դատական ոլորտի անկախ, արդյունավետ, անաչառ, ինքնուրույն գործունեությունը»,- ասաց Ա.Մարգարյանը՝ նշելով, որ ԲԴԽ-ի նպատակը պետք է լինի դա:

Նա կարևորեց դատավորների անկախության ապահովումը, որի երաշխիքները սոցիալական ոլորտում են, նաև դատավորն իրեն պետք է սոցիալապես պաշտպանված զգա, մասնավորապես՝ կենսաթոշակի առումով:

Ա.Մարգարյանը նշեց, որ դատարանների հանդեպ վստահության բարձրացման համար կարևոր է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, այլև գործերի արագ քննությունը: Ըստ նրա՝ դատավորների թվի ավելացման մասին խոսում են բոլորը, սակայն պետք է ռեալ գնահատել և հասկանալ, թե ինչպես կարելի է բեռնաթափել դատարանները՝ պակասեցնելով գործերի հետ կապված վարչարարական աշխատանքները:

Անդրադառնալով վեթինգի գործընթացին՝ ԲԴԽ անդամության թեկնածուն խնդրեց հրաժարվել «վեթինգ» բառից, քանի որ այն ոչ միշտ է իր մեջ դրական պոտենցիալ պարունակում: Ըստ նրա՝ խնդիրը դատական համակարգում բարեվարքություն ապահովելն է: Ա.Մարգարյանի խոսքով՝ դատավորներին պետք է ներկայացվեն որոշակի չափանիշեր՝ նրանց անաչառության ու պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ: Ըստ նրա՝ առաջին հերթին պետք է պատասխանատվության ենթարկվեն այն անձինք, որոնց հանցավոր արարքների հետ կապված՝ իրավապահ մարմինները տիրապետում են տվյալների:

«ԲԴԽ-ն, լծակների առումով, կարծում եմ, համալրման կարիք ունի, մասնավորապես՝ սեփական նախաձեռնությամբ վարույթ սկսելու առումով»,- ասաց Ա.Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս