ԱՄՆ պետդեպը միջուկային գործարքից հրաժարվելու դեպքում Իրանին սպառնացել է նոր պատժամիջոցներով
Իրանը պետք է լսի միջազգային հանրությանը, որը կոչ է անում նրան` վերադառնալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նրան վերապահված պարտավորությունների կատարմանը, հակառակ դեպքում Թեհրանը կհանդիպի նոր պատժամիջոցների: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչը, մեկնաբանելով Իրանի իշխանության հայտարարությունն առ այն, որ իրենք պատրաստվում են հունիսի 27-ից հետո արագացնել ուրանի հարստացման տեմպերը:
«Իրանը պետք է լսի միջազգային հանրության կոչը և վերադառնա իր միջուկային պարտավորություններին, հակառակ դեպքում կհանդիպի էլ ավելի խորը և համապարփակ պատժամիջոցների»,- նշել է պետդեպի ներկայացուցիչը:
Հունիսի 27-ին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ից դուրս գալու դեպքում էլ միջուկային զենք չի ստեղծի:
2018թ. մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԳՀՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու մասին: 2019թ. մայիսի 9-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքի պարտավորությունների մի մասը և մյուս մասնակիցներին տալիս է 2 ամիս, որպեսզի վերադառնան դրանց կատարմանը:
2019թ. հունիսի 18-ին Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել Է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից: