«Ինձ համար զարմանալի է, որ նման լուրեր կարող են անգամ շրջանառվել». Լիլիթ Մակունց
Ըստ շրջանառվող լուրերի՝ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին ՀՀ ԱԳՆ կանչելը, ՄԱԿ-ում հակառուսական բանաձևին հայկական պատվիրակության չքվեարկելը, ԵԽԽՎ-ում ստեղծված վիճակը պատահական չէ, որովհետև, իբր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին օրինագիծ է մշակում:
168.am-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց՝ այս քայլերի ֆոնին որքանո՞վ է դա իրատեսական, ի՞նչ կհաջորդի դրան, արդյոք խաղաղապահների հարցը, որի մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը, ու որը չհերքեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, կարո՞ղ է դրան պատասխան քայլ լինել:
«Բացարձակ եզր չունի իրականության հետ: Ինձ համար զարմանալի է, որ նման լուրեր կարող են անգամ շրջանառվել: Չկա նման բան, ես ընդհանրապես տեղյակ չեմ նման նախագծի գոյության մասին, և, իհարկե, նման նախագիծ չկա»,- ասաց Լ.Մակունցը:
Նա հիշեցրեց, որ Մամեդյարովի հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Իրականում նրանք ձևակերպումների մեջ որոշակի փոփոխություններ էին արել, որն ամբողջ միտքն ըստ էության փոխել էր»:
Այդ լուրերը հերքեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ամբողջությամբ սուտ է»,- ասաց նա՝ հավելելով, որ Մամեդյարովի հայտարարությունն էլ դրա հետ որևէ կապ չունի: