Եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը որևէ հիմք ունենար, ապա կնշանակեր, որ մեր Սահմանադրությունը նախատեսել է 2 Սահմանադրական դատարան. Դավիթ Հարությունյան. shantnews.am
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը զուտ քաղաքական նկատառումներով է արված: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է իրավաբան, ՀՀ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ հայտարարելով, որ այսկերպ փորձ է արվում այս պահին ձևախեղել Սահմանադրությունը:
«Վահե Գրիգորյանն ընդամենն ասում էր, որ նախկին Սահմանադրությամբ նախատեսված էր, որ Սահմանադրական դատարանը բաղկացած էր 9 անդամից, իսկ Սահմանադրության նոր դրույթների հիման վրա՝ 2018 թվականի ապրիլի 9-ին Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 դատավորից:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ առկա է հակասություն, և միգուցե այստեղ իսկապես մի մտահոգվելու նյութ կա, բայց իրականում Սահմանադրության անցումային դրույթներում կա սևը ու սպիտակի վրա գրած մի կարևոր նորմ, որտեղ ասվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, այն օրը, երբ ուժի մեջ մտավ Սահմանադրության 7-րդ գլուխը՝ Սահմանադրական դատարանին վերաբերող, Սահմանադրական դատարանի նախկին նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել՝ մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի՝ նախորդ Սահմանադությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Ուշադրություն դարձրեք, նախևառաջ Սահմանադրական դատարանի նախագահ բառի վրա. շարունակում է պաշտոնավարել մինչև նախորդ Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը»,- ասել է նա:
Դավիթ Հարությունյանը Վահե Գրիգորյանի հայտարարությունն անվանել է անհիմն՝ հայտարարելով, որ հակառակ պարագայում, այս ընթացքում պետք է Սահմանադրական դատարանի դատավորներ նշանակվեին:
«Եթե Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը որևէ մեկը համարեր հիմք, ապա դա նշանակում է՝ մեր Սահմանադրությունը նախատեսել է երկու Սահմանադրական դատարան. մի Սահմանադրական դատարան, որտեղ Սահմանադրական դատարանի անդամները շարունակում են պաշտոնավարել, և մեկ այլ Սահմանադրական դատարան, որտեղ Սահմանադրական դատարանի դատավորներն են պաշտոնավարում: Պարզ է, որ դա անհեթեթություն է: Ավելին, երբևէ նման մեկնաբանություն չի էլ եղել՝ անցած ողջ ժամանակահատվածում: Հակառակ պարագայում, այս ողջ ընթացքում արդեն պետք է նշանակվեին Սահմանադրական դատարանի դատավորները»,- ասել է Դավիթ Հարությունյանը: