«Այ, ժողովուրդ ջան, ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ տենց 7 հարկանի պատճառներ տեսնում ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում». Արարատ Միրզոյանը՝ Սասուն Միքայելյանի մասին
«Վարչության որոշ ընտրված անդամների դեպքում սպասելի էր, որոշ անդամների դեպքում՝ ոչ: Իհարկե, որևէ մեկը չէր կարող 100% ճշգրտությամբ կանխատեսել բոլոր 21 անդամներին»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմի ընտրությանը:
Վարչության նախագահից իր ինքնաբացարկի կապակցությամբ Ա.Միրզոյանը նշեց, որ իր կարծիքով՝ Սուրեն Պապիկյանն ավելի լավ թեկնածու է, և ընտրությունը ճիշտ է: Անդրադառնալով վարչության անդամի պաշտոնում Սասուն Միքայելյանի չընտրվելն Աբովյանի ընտրությունների հետ կապելու մասին խոսակցություններին՝ Ա. Միրզոյանը հայտարարեց. «Այ, ժողովուրդ ջան, ինչի՞ համար եք, լուրջ եմ ասում, ես չեմ հասկանում, ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ տենց 7 հարկանի պատճառների ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում: Իսկապես չեմ հասկանում, բոլորս սովոր ենք անպայման ամեն ինչի մեջ էդպիսի պատճառներ տեսնե՞լ»:
Ըստ նրա՝ 51 թեկնածուներին մարդիկ գաղտնի քվեարկել են, նախապես եղել է քարոզարշավ, վերջում հաշվարկվել են քվեաթերթիկները, և պարզվել է, թե որ 21 մարդն է ավելի շատ ձայն ստացել. «Այստեղ վիրավորական բան կա, որովհետև երբ ասում եք՝ չե՞ք կարծում, որ Աբովյանն էր պատճառը, դա նշանակում է՝ այս ընտրության արդյունքը կազմակերպված և կանխորոշված էր ինչ-որ X մարդու, ենթադրաբար, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, և քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել, ասենք՝ Նիկոլ Փաշինյանին կամ այլ խմբի, որ особо приближенный к императору, իրանք որոշել են, որ Սասուն Միքայելյանը պետք է չլինի, և բոլոր պատվիրակներին ասել են՝ սենց կքվեարկեք, սա՞ է ամբողջը: Մի քիչ օգնեք ձևավորել նոր Հայաստանի մշակույթը, էլի»: