«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխել ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջները
Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։ Ինչպես հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջից, խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
«Գործող կարգավորմամբ՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է»,- նշված է խմբակցության հայտարարության մեջ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է այդ պաշտոնների համար ևս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները, քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին: