Բաժիններ՝

«Սանիտեք» ընկերությունը ոչ թե չի ցանկանում, այլ չի կարողանում իրականացնել մայրաքաղաքի աղբահանությունը. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համոզված է՝ «Սանիտեք» ընկերությունը ոչ թե չի ցանկանում, այլ չի կարողանում իրականացնել մայրաքաղաքի աղբահանությունը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մեքենաների մեծ մասը խափանված է և շատ փոքր թվով մեքենաներ են սպասարկում:

Ըստ նրա՝ իրենք փորձել են օգնել ընկերությանը, սակայն նրանք որևէ ներդրում չեն անում, քաղաքի աղբամանների վիճակը շատ վատ է, խոստացել են տարեկան 1500 աղբաման բերել, բայց դա էլ են տապալել:

«Ես այդտեղ հասկացա, որ այս մարդիկ ունակ չեն, կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության»,- ասաց Մարությանը:

Քաղաքապետը նշեց, որ ներկա իրավիճակը իրենց բերած 5 մեքենաների շնորհիվ է: Նրա խոսքով՝ «Սանիտեքի» պայմանագրով նախատեսված է, որ ընկերությունը պետք է իրականացնի Երևանի աղբահանությունը, ձնմաքրումը և այլն, իսկ այդ պայմանագրի լուծումը կախված է ընկերության հետագա քայլերից.

«Պայմանագրում մենք ունենք բազում կետեր, որ իրավունք ունենք լուծել այս պայմանագիրը»:

Այժմ քաղաքապետարանն ամեն ամիս «Սանիտեքին» տուգանում է, օրինակ՝ այս ամիս դա կազմել է 26 մլն դրամով, անցած ամիս՝ 13 մլն-ով, իսկ պահումներն ավելի մեծ գումարներ են:

Նշելով, որ այս ճգնաժամը սկսվել է 4 տարի առաջ, քաղաքապետը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է «Սանիտեքը» ստացել աղբահանությունն իրականացնելու մենաշնորհը.

«Երկորդ լոտը հաղթել էր շվեդական ընկերություն և, չգիտես՝ ինչպես, այդ շվեդական ընկերությունը գնաց և «Սանիտեքը» վերցրեց այդ լոտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս