Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դռնբաց դատական կարգով քննվում էր գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի բողոքը։

Հիշեցնենք՝ պաշտպանները բողոքարկում էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ուժի մեջ թողնելու մայիսի 2-ի որոշումը։

Պաշտպանական կողմը միջնորդեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավ՝  չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատախազությունն առարկեց այս միջնորդության դեմ՝ նկատելով, որ առկա է քննությանը խոչընդոտելու խնդիր. դատախազ Վահե Դոլմազյանն ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով` Մանվել Գրիգորյանը նախաքննության ժամանակ զանգի միջոցով իր ենթակային ստիպել է իր վրա վերցնել այն ամենը, ինչում ինքը մեղադրվում է: Դատախազը հայտարարեց` անկախ նրանից՝ անձը հերո՞ս է, թե՞ ոչ, օրենքի առաջ բոլորն են հավասար:

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը, երբ թվարկում էր հիվանդությունների ցանկը, փաստաբան Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ հինգ րոպե հիվանդությունների ցանկ կարդալուց հետո մեղադրող կողմը կպնդի, որ այդ հիվանդությունները համատեղելի են կալանքի հետ։

«Գրիգորյանը կտրականապես հրաժարվել է ընդունել առաջարկվող դեղորայքը և հայտնվել է մի վիճակում, որ նրան հոսպիտալացնեն։ Նրա արյան մեջ շաքարի մակարդակի նման բարձրացումը նրանից է, որ նա հրաժարվել է ընդունել դեղերը։ Դրա համար ոչ պետությունն է մեղավոր, ոչ քրեակատարողական հիմնարկը»,- ասաց նա՝ նշելով, որ պետությունը պարտավոր չէ նրա համար բարձրակարգ հիվանդանոցային պայմաններ ապահովել։

Դոլմազյանն իր խոսքը եզրափակելով՝ նկատեց, որ թվարկված հիվանդությունների բուժումը հնարավոր է իրականացնել քրեակատարողական հիմնարկում։

Բաղդասարյանն առարկեց՝ նկատելով, որ այն բժշկական եզրակացությունը, որը ներկայացրեց Դոլմազյանը, հին է՝ հունվար ամսի, մինչդեռ նոր էպիկրիզներ կան։

«Ներկայացվեց՝ առկա չեն կառավարության որոշումով հիվանդություններ, դեռ սահմանը խախտված չէ, ոչ ոք նման բան չի ասում, ասում են՝ դինամիկան բացասական է, մարդը գնում է դրան՝ ինչ անենք, սպասենք գա, հասնի այդ աստիճանի, նոր գործառույթնե՞ր իրականացնի դատախազությունը»,- մեղադրող կողմին հակադարձեց Գրիգորյանի փաստաբան Գուրգեն Գրիգորյանը՝ ասելով, որ ամեն երեք ամիսը մեկ կրկնապատկվում է այդ բացասական դինամիկան։

Բուժումից հրաժարվելու պատճառը, ըստ մյուս պաշտպանի՝ Արսեն Մկրտչյանի, այն է, որ անձը ստիպված է եղել պաշտպանել իր իրավունքները, այդ թվում՝ դեղադուլ հայտարարելով։

Ըստ պաշտպանի՝ պաշտպանների գործունեությունը խոչընդոտվեց, երբ քաղաքացիական հիվանդանոցից Գրիգորյանին բերեցին դատապարտյալների հիվանդանոց ու թույլ չտվեցին պաշտպաններին ներս մտնել, իսկ Գրիգորյանին  ներկայացրին թղթեր՝ ստորագրելու բուժումն ընդունելու կամ դրանիք հրաժարվելու մասին.

«Այդ ընթացքում չկար մեկը, որ ասի՝ գիտես, մենք քեզ թույն չենք ներարկելու, որովհետև մենք ունենք նաև այդպիսի մտավախոթյուններ: Մենք հասկանում ենք, որ Մանվել Գրիգորյանը, լինելով օդիոզ դեմք, Արցախի հերոս, ունի նաև թշնամիներ, որոնք կարողանում էին ակցիաներ կազմակերպել, սպառնալիքներ հնչեցնել…»։

Դատարանը, հետաձգելով նիստը, նշեց, որ այդ ընթացքում դատախազության մարմիններից ակնկալում է քրեակատարողական հիմնարկից փաստաթուղթ` Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, պաշտպանական կողմից՝ նոր բժշկական տեղեկանքներ ու եզրակացություններ, նաև ՄԻԵԴ միջանկյալ նոր որոշումը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև հունիսի 17-ը։

Այսօր՝ ավելի ուշ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում նախատեսված է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն առողջության վատթարացման պատճառով «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում է։

Նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ իր պաշտպանյալն օրական 16-17 ժամ ինսուլին է ստանում։

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից հունիսի 6-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ծայրահեղ ծանր վիճակում նրան տեղափոխել են «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Հիշեցնենք նաև, որ հունիսի 5-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կտրուկ վատացել էր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը։ Նա «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել՝ ծայրահեղ ծանր վիճակում։

Ավելի վաղ, հունիսի 3-ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից  տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։  Պաշտպանների պնդմամբ՝ նրան «Դատապարտյալների հիվանդանոց» էին տեղափոխել առանց բժիշկների համաձայնության։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կալանքի տակ գտնվող գեներալ Մանվել Գրիգորյանի գործով միջանկյալ որոշում էր կայացրել՝ արձանագրելով Գրիգորյանի նկատմամբ խոշտանգման փաստը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր Մ. Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

«Բազմիցս բարձրաձայնել ենք՝ խոշտանգման փաստի հետ կապված, ներպետական ատյաններում, չգիտես ինչու, չանսացին, դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, տոտալ որոշում է կայացվել, որի մանրամասները կհրապարակեմ ասուլիսում»,- մեզ հետ զրույցում ասել էր Բաղդասարյանը։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս