«Գաղափարը հնչեցրել է վարչապետը, այն ընդունելի է միջազգային փորձագետների կողմից». Վլադիմիր Վարդանյանը՝ հակակոռուպցիոն դատարանի մասին

«Որպես գաղափար՝ դա կա միջազգային պրակտիկայում: Գիտեք, որ իրավագիտության մեջ ասում են, որ ամեն ինչ կախված է մանրամասներից: Նախագծի տեքստը դեռևս չկա, որ մենք կարողանանք նայել, ուսումնասիրել, հասկանալ, բայց որպես երևույթ՝ այն կարող է օգտակար լինել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում կստեղծվի հակակոռուպցիոն դատարան:

Ըստ նրա՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելու փորձ կա տարբեր երկրներում, Հայաստանի Հանրապետությունը բացառություն չի, և այստեղ էլ մասնագիտացված դատարաններ կան, օրինակ՝ սնանկության, վարչական և այլն. «Խոսքը վերաբերում է այն դատական ատյանին, որը քննում է, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործություններ և կոռուպցիայի հետ կապված այլ գործեր: Այսինքն՝ հատուկ մասնագիտացում ունեցող դատարան է, և նման պրակտիկա կա տարբեր երկրներում»:

Մեր խնդրանքին՝ թվել մի քանի նման երկրներ, Վ.Վարդանյանը պատասխանեց. «Այս պահին չեմ մտաբերում: Կարող եմ Ուկրաինայի օրինակը նշել, բայց մտավախությունս այն է, որ կասեք՝ Ուկրաինայում ներդրվել է նման համակարգ և ձախողվել է: Բայց կան երկրներ, որտեղ կա մասնագիտացված դատարանների համակարգ»:

Արդյո՞ք կան այդքան շատ կոռուպցիոն գործեր, որ քննի հատուկ մասնագիտացված դատարանը, Վ.Վարդանյանը նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը մշտական, հետևողական պայքար է, և անկախ գործերի քանակից՝ պետք է լինի համապատասխան ատյան, որն այդ գործերով զբաղվում է.

«Եթե գործերի թիվը մոտենա զրոյի, մոտ ապագայում, իհարկե, կարելի է մտածել այդ դատարանի գործունեությունը դադարեցնելու մասին: Բայց կարծես թե նման խնդիր չկա, դեռ չստեղծված մարմին է, որը չունի լիազորություն: Գաղափարը հնչեցրել է վարչապետը, այն ընդունելի է միջազգային փորձագետների կողմից: Ինչ վերաբերում է իրագործմանը, պարզ կլինի այն նախագծի քննարկման ժամանակ, որ կներկայացվի և որում կսահմանվեն այդ դատարանի ուրվագծերը»:շ

Տեսանյութեր

Լրահոս