«Վարչապետը պետք է հասարակությանը միավորելու կոչերով հանդես գա, այլապես, եթե այս պառակտումը խորացավ, սա հանգեցնելու է աղետի»

Քաղաքական ասպարեզում սևերի ու սպիտակների բաժանարար գծերը շարունակում են հաստանալ, և քաղաքական ներկապնակում մյուս գույների տեղն ավելի ու ավելի է փոքրանում:

ՀՀ վարչապետի հանձնարարությունն իրավապահներին՝ պայքարել բռնության կոչերի, սևազգեստ խմբերի դեմ և այդ պայքարում «թավիշը» փոխարինել «երկաթով», նոր թափ հաղորդեց ձնագնդին: Ոմանք ստեղծված իրավիճակը բնորոշում են, որ երկիրն «արյունաքամ» է լինում: Արդյո՞ք այս ամենը չի հանգեցնի նրան, որ հասարակության մեջ պառակտումը նորից չի խորանա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ սոցիալական ցանցերից բռնության կոչերը, բռնությունը տեղափոխվել է իրականություն:

Ըստ նրա՝ այս իրավիճակին լուծում գտնելը բավականին բարդ է. «Տևական ժամանակ է՝ Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մենք քննարկում ենք այդ հարցը, որ ատելության, բռնության կոչերը, վիրավորանքները սոցիալական հարթությունում տեղափոխվում են իրական կյանք և հանրային առճակատման պատճառ են դառնում: Ինչպե՞ս դա կարգավորել, չենք կարողանում գտնել լուծումը, այն նուրբ սահմանը, որ չվտանգվի խոսքի ազատությունը, բայց նաև մենք կարողանանք այս վտանգավոր միտումը կանխել:

Ցավոք, Հայաստանում վերջին 1-2 տարում կատաղորեն թափանիվ է հավաքում, և Երևանի ավագանու ընտրության ժամանակ տեսանք ատելության գերդոզա, հիմա էլ սոցիալական ցանցերը ողողված են ատելության խոսքով, բռնության կոչերով: Այստեղ ամենամեծ անելիքն իշխանությունն ունի: Իշխանությունը պետք է դառնա հանդուրժողականության առաջին քարոզիչը»:

Նա կողմ արտահայտվեց, որ բռնության քարոզը կանխվի օրենսդրորեն, բայց հարցադրում արեց՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով. «Կարծում եմ՝ այստեղ պետք է առաջարկվեն մեխանիզմներ, այլապես այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, աբսուրդ է:

Վարչապետի հայտարարությունից հետո սոցիալական ցանցը պռոտեստ արեց, ամբողջը սևացավ: Ինքս, որ դատապարտում եմ բռնությունն ու բացարձակապես կողմ եմ, որ սոցիալական ցանցերում բռնությունն ու վիրավորանքը, զազրախոսությունը, անպարկեշտ, լկտի պահվածքը կանխվի:

Շատ դեպքերում կեղծ օգտատերերի կողմից, որոնց տակ թաքնվում են իրական մարդիկ, ընդ որում՝ հաճախ դրանք կանայք են, որոնք իրենց չստացվածությունը, անձնական կյանքում չռեալիզացված լինելը տրանսֆորմացնում են հայհոյանքով: Ես երբեք չեմ վախեցել թշնամիներ ունենալուց, ավելին՝ թշնամիներն ինձ միշտ ադրենալին են տվել՝ լինելու ավելի լավը և հասնելու ավելի մեծ բարձունքների: Ուստի բոլոր նրանք, որոնք իրենց առջև խնդիր են դրել զազրախոսելով ինձ կոտրել, վնասել, իրենք իրենց առջև դրված խնդիրը չեն լուծել: Ցավոք, այսօր նաև հանդիպում եմ մարդկանց, որոնք ողջունում են հրապարակում գիլյոտիններ, կախաղաններ դնելը, և գտնում են, որ, եթե իրենց կյանքը չի ստացվել, ապա պետք է բոլորինը չստացվի: Սա ճանապարհ չէ:

Եթե մենք գնալու ենք, ադ թվում՝ վեթինգի պրոցեսը, հաշվեհարդարների ճանապարհով, երկիրը մտնելու է ժողովրդավարական փակուղի: Ուստի այստեղ ամենամեծ անելիքն ունի իշխանությունը, վարչապետը, որն ունի լեգիտիմության մեծ պաշար:

Ոչ թե պետք է գնալ մայթերի տակից մարդկանց բռնելու, բաբոչկաներ կախելու կոչով, այլ պետք է հանրությանն ընդառաջ գնալ միմիայն հանդուրժողականության կոչով, որովհետև այսօր սև ու սպիտակի բաժանումը պառակտում է հասարակությունը: Վարչապետը պետք է հասարակությանը միավորելու կոչերով հանդես գա, այլապես եթե այս պառակտումը խորացավ, սա հանգեցնելու է աղետի: Սա երկրի ժողովրդավարության վրա մի մեծ խաչ է քաշելու»:

Միաժամանակ Ն.Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ վարչապետը չէր անի նման հայտարարություն, եթե չունենար կոնկրետ փաստեր. «Կան ինչ-որ քաղաքական շարժումներ, քաղաքական հոսանքներ, որոնք անընդհատ փորձում են հասարակության մեջ էսկալացիան բարձր պահել: Նրանք պետք է օրենքի առաջ պատասխանատվություն կրեն: Բայց պետք է լինի կոնկրետ, հասցեական, մենք պետք է հասկանանք՝ ովքեր են այդ սևազգեստ բանդաները, որ հասարակության մեջ պառակտում են առաջացնում: Եվ երկու կողմն էլ պետք է գիտակցի, որ առճակառումը վնասելու է ոչ թե որևէ կողմի, այլ պետությանը, և սա ամենամեծ հարվածն է ՀՀ պետականությանը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ վարչապետի հայտարարությունն արդեն հետևանքներ է ունեցել՝ նախորդ գիշեր ոստիկանների կողմից բռնության դեպք է գրանցվել: Ըստ նրա՝ բոլոր օրենքները կան բռնությունը հաղթահարելու, ուղղակի ոստիկանությունը պետք է գործի պատշաճ, և կառավարությունը կամ քաղաքական գործիչներն առհասարակ լրացուցիչ չհրահրեն ատելության ալիքներ.

«Մենք տեսնում ենք՝ Ֆեյսբուքում ինչ էր կատարվում: Փաշինյանն ասում է՝ բռնությամբ չեն կարող հարցեր լուծել, բայց կան սևազգեստներ, որոնց դեմ պետք է պայքարել, ու քաղաքացիներն այդ տեսանյութի տակ գրում են՝ այո, դուք ճիշտ եք ասում, դրանց պետք է բռնել, ծեփել պատերին, սպանել, վառել, ծեծել, ջարդել: Այսինքն՝ քանի դեռ օնլայն տիրույթում գեներացվում է այդ ատելության խոսքը, դա ինչ-որ կերպ ինչ-որ պահի դուրս է գալու իրական կյանք: Այդպես եղավ հենց դաշնակցական մեր գործընկերոջ՝ Հրանտ Մարգարյանի հետ, այսինքն՝ կապ չունի՝ մարդն ինչ կուսակցության ներկայացուցիչ է:

Եթե տարիքով քաղաքացին իր թոռնիկների հետ զբոսնում է, և ինչ-որ մեկը քաղաքական կուսակցությանը պատկանելու համար նրա վրա կարող է հարձակվել, դա նշանակում է, որ քաղաքական դաշտում անառողջ մթնոլորտ է տիրում, իսկ այդ անառողջ մթնոլորտն առաջին հերթին՝ գալիս է կառավարության և իշխանության անհանդուրժող վերաբերմունքից այլակարծության և ընդդիմախոսության նկատմամբ»:

Թե ի՞նչ պետք է արվի երկուստեք լարվածությունը թուլացնելու համար, Գ.Գորգիսյանը նշեց, որ բռնությամբ բռնության դեմ չի կարելի պայքարել. «Առաջին հերթին պետք է հենց այդ հռետորաբանությունը, մոտեցումները փոխվեն, ոստիկանությունը պետք է իր տեղում լինի, չպետք է թույլ տա, որ նման դեպքեր տեղի ունենան, իսկ եթե տեղի են ունեցել, պետք է պատժվեն մարդիկ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի համոզմամբ՝ բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը կհանդարտեցնի կողմերին: Նա արդեն նախաձեռնել է հրատապ կարգով նման նախագիծ ներկայացնելու գործընթաց: Մեզ հետ զրույցում Խաչատրյանը պարզաբանեց, որ օրինագծով կքրեականացվի հանրորեն բավականին մեծ վտանգավորություն ունեցող արարք, որն այսօր քրեականացված չէ.

«Այստեղ օրենսդրական բաց կա: Խնդիրը վերաբերում է նրան, որ ընդհանրապես մարդու կյանքին և առողջությանը բռնության կոչերի ու սպառնալիքների համար կա քրեական պատասխանատվության նորմ, սակայն այնտեղ նշում կա, որ այդ սպառնալիքները պետք է լինեն իրական: Այս «իրականը» այդ նորմը դարձնում է ոչ կենդանի, և գրեթե անհնար է իրագործել այն: Դատական հեռանկար չի լինում, որովհետև որ պահին մեղադրվողը կամ կասկածվողն ասի, որ այդ կոչերն իրական չեն եղել, ռեալիզացման իրական երաշխիքներ չկան, ապա գործը կամ կարճվում է, կամ քր. գործի հարուցումը մերժվում: Ես գտնում եմ, որ անկախ նրանից, թե դրա իրականցման համար իրական վտանգը կա, թե ոչ, արդեն կոչը իրենից մեծ վտանգավորություն է ներկայացնում, և կոչը պետք է քրեականացնել ու ավարտված համարել հանցակազմը»:

Միջազգային արձագանքը, ըստ նրա, կարող է միայն դրական լինել, քանի որ այս նորմը գրեթե բոլոր երկրներում կիրառվում է: «Կարծում եմ՝ լուծումը հրատապ պետք է տալ, որպեսզի նախականխվեն այս դեպքերը: Եթե հանրությունն իմանա, որ այս դեպքերը պատժելի են, չի կարելի անել, արդեն չեն անի, կապ չունի՝ համացանցում է, թե իրական կյանքում: Օրենքի ընդունումը կնպաստի լարվածության նվազմանը: ՀՀ-ում որևէ մեկին չպետք է թույլ տրվի բռնության կոչեր անել, և այս արարքը պետք է ստանա իր գնահատականը: Օրենսդրական դաշտից դուրս հաշտության կոչերը ես որպես իրավաբան անընդունելի եմ համարում և վստահ եմ, որ որևէ արդյունք դրանք չեն տալու»,- ասաց Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս