Գեղամ Պետրոսյանը չէր կարող․ նրա նախկին ղեկավար Գ. Գրիգորյանը շոկի մեջ է. Hraparak.am
Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը ձերբակալվել է Զաքար Հովհաննիսյանին հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ տարիներ շարունակ տարվող պաշտոնական տեղեկատվության համաձայն, 31-ամյա Զաքար Հովհաննիսյանը վիրավորվել է Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ժամանակ։ Համաձայն դատաբժշկական եզրակացության՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի վնասվածք:
Գեղամ Պետրոսյանին կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրված, ընդունո՞ւմ է այն, թե՞ ոչ, ո՞վ է նրա փաստաբանը․ «Հրապարակ»-ն այս հարցերի պատասխանները դեռ չի ստացել, սակայն խոսել է Գեղամ Պետրոսյանի նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանի հետ։
Նա, հիշեցնենք, մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարն էր։
– Պարոն Գրիգորյան, Ձեր նախկին տեղակալին են ձերբակալել՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության կասկածանքով։ Ինչ-որ բան ունե՞ք ասելու այդ կապակցությամբ։
– Ոչ, չունեմ։ Երեկվա այդ հաղորդագրությունն իմ համար շոկ է։ Ու, ընդհանրապես, էդ մասին իմացել եմ երեկ՝ մամուլից։
– Ձեր տեղակալն էր, ի՞նչ հրահանգներ եք տվել այդ իրադարձությունների ժամանակ։
– Հեռախոսով ի՞նչ ըտենց բաներ բացատրեմ։ Մամուլով սարքել եք բան․․․ էդ մարդու վիճակը պատկերացնո՞ւմ եք։ Ընտանիքի վիճա՛կը հասկացեք։ Ըտենց բաներ հեռախոսով քննարկո՞ւմ են, 10 տարվա վաղեմության հարցեր են։ Միայն կարող եմ ասել, որ ոչ ոք ոչ մեկին հանձարարություն չի տվել։ Եթե հիշում եք դեպքերի այն ժամանակվա ընթացքը, կհասկանաք, որ էդ ցավալի իրադարձությունների զարգացումը բերեց էդ դեպքերին։
– Նկատի չունեմ սպանության հանձնարարությունը, ասում եմ՝ ինչ-ինչ դեպքի վայր մեկնելու հրաման եւ այլն։
– Ախր, էդ դեպքի վայր մեկնելու մասին նորից եմ ասում։ Ես այդ մասին երեկ եմ իմացել, որ ամսի 2-ին, ժամը 2-ին եղել է Պրոսպեկտի վրա։ Գեղամը դրա հետ ի՞նչ կապ ունի, ընդհանրապես չեմ կարողանում հասկանալ։ Ինքն էդ ժամին ըտեղ չէր կարող լինել, որովհետեւ մենք էդ ժամանակ արդեն տեղափոխված էինք Լեո, մարդկանց արդեն հետ էինք ուղարկում։
– Իսկ հավատո՞ւմ եք, որ կսպաներ։
– Ի՞նչ կապ ունի իմ հավատալ-չհավատալը։ Չէ։
– Ինչո՞ւ չեք հավատում։
– Որովհետեւ էդ մարդուն լավ եմ ճանաչում, հետը տասը տարի աշխատել եմ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: