Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գյումրու ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ ունեցող դպրոցներ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը փետրվարի 27-ին Գյումրիում այցելել է քաղաքում Ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը նպաստող դերակատարներին, մասնավորապես, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ ունեցող երկու դպրոցներ։ Այս մասին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից։
Դեսպանը նաեւ այցելել է LOFT Գյումրի՝ քննարկելու հետագա համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառման շրջանակներում համատեղ միջոցառումը։ Այս տարի Գյումրու վեց ռեստորաններ միացել են ամբողջ աշխարհում անցկացվող Ֆրանսիայի խոհանոցի օրերին՝ տոնելու ֆրանսիական խոհանոցը:
Գյումրու թիվ 45 դպրոցն արդեն 3 տարի է՝ ունի ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ։ Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցը ֆրանսերենի դասավանդման բազմամյա պատմություն ունեցող հաստատություն է։ Վերջինս 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո Ֆրանսիայի օգնությամբ վերակառուցված դպրոց է, և որի տանիքի տակ է հանգրվանում քաղաքում գործող SPFA ֆրանկոֆոն կենտրոնը: