ԵՊՀ գիտխորհուրդը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյակը հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը.

Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ կետի 12-րդ ենթակետով, ԵՊՀ գիտական խորհրդի կանոնակարգի 4-րդ կետի 12-րդ ենթակետով՝ ԵՊՀ գիտական խորհուրդն ընդունում է հետևյալ հայտարարությունը.

Բարձրագույն կրթության ոլորտում պետական քաղաքականության գերակայություն են ճանաչվում բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման սկզբունքները: Այդ սկզբունքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության զարգացման կարևորագույն հիմնասյուներից մեկը, և մեծապես կարևորվում է դրանց ապահովումը պետական բարձրագույն իշխանության կողմից: Ասվածի վառ վկայությունն է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ՀՀ Ազգային ժողովում արված հայտարարությունը՝ բուհական ինքնավարությունը հարգելու և դրան անհարկի միջամտությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:

Սակայն Մայր բուհի հիմնադրման 100-ամյակի նախաշեմին, հակառակ այս մոտեցման, պետական իշխանության որոշ մարմիններ և պաշտոնատար անձինք փորձում են, տարբեր շարժառիթներով պայմանավորված, խախտել նշված սկզբունքները և որոշակի մեթոդների կիրառմամբ վարկաբեկել Երևանի պետական համալսարանն ու արժեզրկել ԵՊՀ-ի 100-ամյակի խորհուրդը: Մինչդեռ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների արժանավայել կազմակերպումը պահանջում է կառավարության, հասարակության լայն շերտերի և ԵՊՀ ողջ կոլեկտիվի ակտիվ ջանքերի համադրում, որը կնպաստի Մայր բուհի անցած 100-ամյա ուղու արժևորմանը և զարգացման տեսլականի նախանշմանը:

Այդ պատճառով նման միտումը համարում ենք խիստ մտահոգիչ և հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի չափազանց կարևոր դերակատարումը մեր երկրի պետականաշինության, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում՝ գտնում ենք, որ այն հարվածում է ոչ միայն Մայր բուհի, այլև պետության հեղինակությանը և խախտում է բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման միջազգային սկզբունքները:
Նման պայմաններում ԵՊՀ գիտական խորհուրդը կոչ է անում.

• հարգել բուհական ինքնավարության սկզբունքը և ակադեմիական ազատությունները,

• անհապաղ միջոցներ ձեռնարկել Մայր բուհի 100-ամյա հոբելյանը՝ հավուր պատշաճի կազմակերպելու և նշելու ուղղությամբ:

ք. Երևան

Տեսանյութեր

Լրահոս