ԲՀԿ-ն չի քննարկել ՀԱԿ-ի առաջարկը
«ՀԱԿ-ի առաջարկի բովանդակությանը ես հստակ ծանոթ չեմ, ԲՀԿ-ն այն չի քննարկել»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ՀԱԿ-ի առաջարկի՝ Սահմանադրական կարգի փոփոխության շուրջ:
Նրա կարծիքով՝ պետք է քաղաքական և այլ տիպի նպատակահարմարությունները քննարկել, թե որ փուլում ինչ անել. «Մենք չենք քննարկել: Ուղղակի պետք է դրա նպատակահարմարությունը լրջագույն քննարկվի»:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունն իր ծավալուն հայտարարությունում առաջարկում է, մասնավորապես, մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե` վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին, նոր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հաջորդ մեկ տարվա ընթացքում անցկացնել հանրապետության նախագահի ընտրություններ, արմատապես փոխել Ընտրական օրենսգիրքը՝ անցում կատարելով 100 տոկոս համամասնական ընտրակարգի, արմատախիլ անել կոռուպցիան, վերացնել ոչ բնական մենաշնորհները, երաշխավորել մրցակցային հավասար պայմաններ բոլոր տնտեսվարողների համար, ընդունել հակամենաշնորհային քաղաքականության նոր օրենսդրություն, էապես կրճատել ստվերային տնտեսությունը, դատական համակարգը մաքրել, ազատել դատավորի բարձր կոչումը վարկաբեկած, կոռումպացված ու կամակատար դատական կադրերից, կիրառել անցումային արդարադատություն: