«Առանց մեծածավալ ներդրումների՝ չի կարող Հայաստանում տնտեսական հեղափոխություն լինել». Մելքումյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ առանձնացրեց 3 իրադարձություն՝ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի այցը ՀՀ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը Սոչի և կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում:

Ըստ նրա՝ ԲՀԿ-ն ծրագրին դեմ քվեարկեց, որովհետև այն չուներ իրականացման համար երաշխիք հանդիսացող գործիքներ. «Մենք հարգում ենք քաղաքական պայմանավորվածությունները: Ես առաջարկել էի՝ ԱԺ նախագահի մոտ հավաքվեինք ու քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերեինք, դա գուցե փոխեր քվեարկության պատկերը: Բայց ինչպիսին էլ եղել է մեր քվեարկությունը, ԲՀԿ առաջնորդը և մենք հայտարարել ենք, որ մենք շահագրգռված ենք, որ տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա»:

Մ.Մելքումյանի խոսքով՝ ճաշակի և մոտեցման հարց է, թե տնտեսական հեղափոխությունն ինչպես պետք է արվի, բայց բոլորը հասկանում են, որ տնտեսական հեղափոխություն նշանակում է՝ կտրուկ փոփոխություն իրերի վիճակի մեջ, և ժողովուրդն իր մաշկի վրա պետք է շատ արագ զգա, իսկ դրա համար հարկավոր են խոշոր ներդրումներ՝ 2.5-3 մլրդ դոլար, բայց արդյո՞ք Հայաստանը կարող է այդքան ծավալի ներդրում ընդունել ու տեղաբաշխել:

«Մենք համոզված ենք, որ առանց մեծածավալ ներդրումների՝ չի կարող Հայաստանում տնտեսական հեղափոխություն լինել»,- ասաց Մ.Մելքումյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ն իր առաջարկները փոխանցել է կառավարությանը:

Նրա հավաստմամբ՝ Ծառուկյանն իր անելիքն անելու է և կամուրջ է հանդիսանալու խոշոր ներդրողների ու կառավարության միջև:

Թե ինչպե՞ս է ընդդիմությունը վերահսկելու կառավարության գործունեությունը, Մելքումյանը նշեց, որ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար առնվազն պետք են ժամանակագրական առումով՝ տարեկան կտրվածքով, վերահսկողական չափանիշեր, որոնք ծրագրում չկան, բայց իրենք հետևելու են տնտեսական զարգացումներին՝ նախարարներին պարբերաբար ԱԺ հրավիրելով և տեղեկություններ ստանալով. «Այսինքն՝ իրենք ազատ նկարիչնե՞ր են, թե՞ ունեն կոնկրետ ֆունկցիա»:

Տեսանյութեր

Լրահոս