«Все пропало, клиент уезжает, гипс снимают, և էս կարգի այլ բաներ…». Նիկոլ Փաշինյանը հեգնում է լրատվամիջոցներին
Այսօր կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է սեղմված բնական գազի՝ ակցիզային հարկով հարկման նպատակով կիրառվող չափման միավորը՝ 1000 խորանարդ մետրը, փոխարինել 1 տոննայով՝ զուգահեռաբար վերահաշվարկելով նաև ակցիզային հարկի դրույքաչափը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ բողոքներ են ստանում մարդկանցից, որ տարբեր գազալցակայաններում գազի ծավալների տարբերություններ կան:
Նա նշեց, որ դա կապված է խտության հետ, բայց նույն քաշի գազը տարբեր ծավալներ կարող է ունենալ, և խնդիրը լուծելու համար գազը պետք է լցնել կիլոգրամով: Նա արձանագրեց, որ գազի ակցիզի ավելացում չկա, պարզապես ծավալի նույն չափաբաժինը տրանսֆորմացվում է քաշի. «Բացարձակ որևէ հարկային ավելացում չի լինում»:
Վարչապետը հարցադրում արեց՝ արդյո՞ք այս փոփոխությունը կարող է բերել գազի գնի ավելացման, և ինքն էլ պատասխանեց՝ եթե գազի գնի ավելացում լինի, կնշանակի, որ գազալցակայանները հայտարարում են, որ մինչ այս բոլոր սպառողներին խաբել են, և սա պետք է լինի հարկային մարմինների ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ Փաշինյանը հավաստիացրեց, որ, եթե նույնիսկ գազի գինը բարձրանա, սպառողները չեն տուժում, որովհետև X գումար վճարելով՝ կստանա այնքան գազ, որքան ենթադրում էր, որ պիտի ստանա, մինչդեռ նախկինում X գումարի դիմաց ստանում էր X-Y քանակի գազ.
«Հետևաբար՝ սպառողի շահերը ոչ միայն չեն ոտնահարված, այլև պաշտպանված են: Ես սա ասում եմ, որովհետև համոզված եմ, որ հես ա ձեզ հայտնի շրջանակների լրատվամիջոցներն էսօր մեծ փոթորիկներ են ստեղծելու դաշտում, որ՝ ա՛յ, հերթական թանկացումը, կառավարությունն էս արեց, էն արեց, все пропало, клиент уезжает, гипс снимают, և էս կարգի այլ բաներ: Էնպես որ` շատ կարևոր է սա արձանագրել»: