«Սրբուհի Ղազարյանի հրապարակած ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը». Վլադիմիր Կարապետյան

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաներն իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- նշել է Վլադիմիր Կարապետյանը:

ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կոշտ ձևակերպումներով հարցադրումներ էր ուղղել ՀՀ առաջին նախագահին.

«Որպես Սոֆյա Հովսեփյանի մտքերի տրամաբանական շարունակություն…

Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն /ի նկատի ունի ՀՀ առաջին նախագահին/ 3 հարցի պատասխանը պետք է տա՝

1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց:

2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել /ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների/ այսպես ասված լույսի անջատման դիմաց:

3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «безоговорочная капитуляция»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:

Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»:

Տեսանյութեր

Լրահոս