«Եթե ՀՀԿ-ն մի օր ուզենա այստեղ քննարկում անցկացնել, ԱԺ ղեկավարությունը դահլիճը կտրամադրի իրենց». Ալեն Սիմոնյան

«Ես կարծում եմ, որ, եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ուզենա այստեղ քննարկում անցկացնել, Ազգային ժողովի ղեկավարությունը դահլիճը կտրամադրի իրենց: Այլ խնդիր է՝ արդյոք կկարողանա՞ն իրենք 132 մարդ հավաքել՝ դահլիճ լցնելու համար, թե՞ ոչ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ականների քննադատությունը, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ շենքը վերածել է կուսակցական գրասենյակի:

Ըստ նրա՝ նորմալ է, որ որևէ կուսակցություն դիմի Ազգային ժողովին, և ԱԺ-ն պարտավոր է տրամադրել դահլիճը.

«Այդ դահլիճը չի պատկանում 1 կամ 2 կամ ԱԺ անցած կուսակցությունների։ Այդ դահլիճը Հայաստանի Հանրապետությանն է։ Կառավարության շենքի տակ էլ դահլիճ կա, որը նույնպես վարձակալությամբ վերցնում են, կամ ինչ-որ նամակի դիմաց տրամադրում են։ Կրկնում եմ՝ եթե որևիցե կուսակցություն, լինի դա Հանրապետականը թե որևէ այլ, խնդիր ունի դահլիճային, և կդիմի ԱԺ-ին, կարծում եմ, ԱԺ-ն չի մերժի իրենց՝ դահլիճ տրամադրելու հետ կապված»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս