«Շատ կարևոր է, որպեսզի նորաստեղծ կառավարությունը ցույց տա, որ արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղությամբ արդյունքի է հասել». Բորիս Նավասարդյան

Գերմանիայում կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնական Երևանն ակնկալում է առաջիկայում բանակցություններ սկսել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ:

Թե որքանո՞վ է դա տեսանելի առաջիկայում, 168.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ, ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի նախկին համակարգող Բորիս Նավասարդյանը նշեց, որ տեսանելի է այդ թեմայի ակտիվացումը, ՀՀ դիվանագիտական բոլոր առաքելությունները կարծես սկսել են համապատասխան կառավարությունների հետ այդ թեման քննարկել, և, բնականաբար, նաև Գերմանիան այստեղ շատ կարևոր է որոշում կայացնելու առումով:

«Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ այդ այցի օրակարգերից մեկը վիզաների ազատականացման հարցն է, այս ամեն ինչը կարծես բխում է նոր իշխանությունների քաղաքականությունից, որովհետև շատ կարևոր է, որպեսզի նորաստեղծ կառավարությունը ցույց տա, որ արտաքին քաղաքականության ինչ-որ ուղղությամբ արդյունքի է հասել»,- ասաց նա:

Հարցին՝ ե՞րբ է հնարավոր բանակցությունների սկսումը, Բ.Նավասարդյանը դժվարացավ կանխատեսել՝ հաշվի առնելով, որ շատ լուրջ փոփոխություններ են լինելու ԵՄ կառույցներում, որը կապված է մայիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, և շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպիսի կառուցվածք կունենա խորհրդարանը, համապատասխանաբար՝ ինչպես կբաշխվեն պորտֆելները Եվրոպական հանձնաժողովում և ԵՄ այլ կարևոր կառույցներում:

«Հաշվի առնելով, որ տարբեր քաղաքական ուժերը ԵՄ-ում տարբեր մոտեցում ունեն նաև վիզաների ազատականացման հարցում, պարզ է, որ այդ ուժերի հարաբերակցությունից կախված կլինի նաև ընդհանուր վերաբերմունքն ընդհանրապես այդ միգրացիոն և վիզաների հարցերին, և, բնականաբար, Հայաստանի թեման այդ համատեքստի մեջ է մտնում»,- ասաց Բ.Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս