«Թակարդ Ստալինի համար» ներկայացումը համալրեց երաժշտական կոմեդիայի թատրոնի խաղացանկը
Վրացի հեղինակ Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա բեմադրված «Թակարդ Ստալինի համար» մեկ գործողությամբ պատմաքաղաքական սատիրայի առաջնախաղը տեղի ունեցավ հունվարի 30-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ներկայացումն անդրադառնում է Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի կյանքի մութ կողմերին և նրա առեղծվածային մահվանը:
«Պիեսը լավն է ու հետաքրքիր: Կարծեցի, որ իմաստ ունի այսօր այդ թեմայի շուրջ կրկին խոսել, քանի որ սերունդներն ասես մոռանում են ստալինյան բռնապետությունը, այդ ժամանակաշրջանն իր դաժանությամբ, նենգությամբ, ստորությամբ, որը մեր հայրերը, պապերը շատ լավ են հիշում»,-մեզ հետ զրույցում ասաց ներկայացման բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը:
Նա շեշտեց, որ մեր օրերում անհանգստանալ պետք է, քանի որ Ռուսաստանի քաղաքական կյանքի որոշ շրջանակներում Ստալինը համարվում է իր ժամանակների ամենահզոր մարդկանցից մեկը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց, որ
շատ ուրախ է, քանի որ վերջին շրջանում Հակոբ Ղազանչյանն այլ տեսակով է մատուցում իր ներկայացումները:
«Արդեն նրա որերորդ ներկայացումն է, որը նման չէ իմ բեմադրություններին: Դրանք գործեր են, որոնք հետաքրքրություն են առաջացնում անգամ ինձ մոտ, մարդու, որը բավականին երկար ապրել է և շատ բան է տեսել: Ես ուզում եմ, որ այս ներկայացումը երկար կյանք ունենա»,- ընդգծեց նա ու հավելեց, որ բեմադրության մեջ զբաղված են շատ հետաքրքիր դերասաններ:
«Հպարտանում եմ, որ մեր դերասանական կազմի լավագույն ներկայացուցիչներն ընդգրկվել են այս բեմադրության մեջ: Հաճելի է, որ նրանցից երկուսն իմ ուսանողներն են»,- եզրափակեց Երվանդ Ղազանչյանը:
Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի դերասաններ Արթուր Կարապետյանը, Բորիս Պեպանյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Զարուհի Խաչատրյանը, Լուսինե Արշակյանը, Գարիկ Ասատրյանը, Հարութ Մելիք-Բեկյանը: