Դեսպան Պապիկյանը հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանն հունվարի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովին (Yury Fedotov):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպան Պապիկյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Յուրի Ֆեդոտովը հաջողություն է մաղթել՝ վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի հետ Հայաստանի համագործակցությունը կդառնա էլ ավելի ինտենսիվ և արդյունավետ:
Այնուհետև Գլխավոր տնօրենը ներկայացրել է մայիսին Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի 40-ամյակին նվիրված միջոցառումները, որոնց մասնակցելու են բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Յուրի Ֆեդոտովը անդրադարձ է կատարել նաև ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ծրագրերին և առաջիկայում կայանալիք խոշոր միջոցառումներին՝ առանձնացնելով Թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի շրջանակներում մարտի 14-15 Վիեննայում կայանալիք նստաշրջանի նախարարական հատվածը:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանն իր պատրաստակամությունն է հայտնել առավելագույն ջանքեր գործադրել Հայաստանի՝ Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի և դրա հովանու տակ գործող հանձնաժողովների հետ փոխգործակցությունը ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ: