Օհանավան համայնքում մարզի «ասիչի» համար ընտրապայքար է
Փետրվարի 17-ին ՀՀ մի շարք մարզերի՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Վայոց ձոր, Տավուշ, համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական և արտահերթ ընտրություններ։
Օհանավան համայնքում առաջադրվել են չորս թեկնածուներ՝ Ալեքսան Ալեքսանյանը, Ջանիկ Խալաթյանը, Էդգար Հայրապետյանը, Արբակ Միսակյանը: 168.am-ի աղբյուրների համաձայն՝ իշխանական «Իմ քայլը» դաշինքից Արագածոտնի մարզից ընտրված պատգամավորներն ու մարզպետարանը բացահայտ հակամարտության մեջ են:
Գործող գյուղապետին իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել մարզպետ Դավիթ Գևորգյանն ու փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը: Նրանք բացահայտ քարոզչություն են իրականացնում գործող գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանի համար մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկներում, որոնցում կան Օհանավանի բնակիչներ: Նրա հիմնական մրցակից Էդգար Հայրապետյանի համար ամբողջությամբ լծված է նախկին ԲՀԿ-ական («Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ), ներկայումս՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Սուր ընտրարշավ է՝ առանց գաղափարական որևէ բովանդակության. կողմերը պարզապես նպատակ ունեն ցուցադրել՝ ո՞վ է ավելի ուժեղ և ո՞վ է, ի վերջո, այս մարզում, այսպես կոչված, «ասիչը»:
Նույն մարզպետարանի կայքէջից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ից անսպասելիորեն արձակուրդ է մեկնում փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ՝ արձակուրդի նպատակն է՝ ազատորեն հնարավորություն ունենալ խառնվելու ընտրական գործընթացին:
ԱՍՏՂԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ