«Քոչարյանի գործի հետ կապված քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են». Ռուստամյան

«Ֆիլմերով չէ, որ մենք պետք է տեղեկանանք, թե ինչ է կատարվել մարտի 1-ին։ Մենք մարտի 1-ին եղել ենք, տեսել, թե ինչ է կատարվել, և երևույթը շատ հստակ գնահատել ենք։ Մենք Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել ենք ոչ թե՝ որպես անձ, այլ պաշտպանել ենք արդարադատությունը։ Այստեղ խնդիր ենք տեսնում, այն ձևով, որ մեղադրանք է ներկայացվել Ռ. Քոչարյանին, և այժմ, երբ մյուսներն են ընդգրկվում այդ գործընթացում՝ մեզ մոտ առաջացնում է մեծ մտահոգություններ՝ երկրում արդարադատության իրականացման մասով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի մասին պատմող ֆիլմի ցուցադրությանը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը։

Նրա խոսքով՝ արդարադատությունը չպետք է ընտրովի լինի, չպետք է տպավորություն ստեղծի, որ հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակ է հետապնդում։ Ա. Ռուստամյանի գնահատմամբ՝ արդարադատությունն առաջին հերթին պետք է վերաբերի 10 զոհերի մեղավորներին բացահայտելուն, ուստի, ըստ նրա՝ երբ այս ձևով է մեղադրանքը դրվում՝ փորձ է արվում խնդիրը դարձնել երկրորդական։

«Տվել են ձևակերպում՝ սահմանադրական կարգի տապալում, հետո էլ պետք է դեռ գտնեն, թե ով է այդ կարգը տապալել, երբ որ կա ակնհայտ փաստ՝ 10 զոհեր, նրանց մեղավորներին գտնեին։ Երբ այդպես գտնեն, կարկինը շատ ավելի լայն կբացվի։ Քոչարյանի գործի հետ կապված քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են, քանի որ մինչև այժմ այս գործը քաղաքական ենթատեքստով էր ներկայացվում, և մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Հայաստանում հստակություն մտցվի»,- շեշտեց Արմեն Ռուստամյանը։

Ըստ նրա, չպետք է մարտի 1-ի 10 զոհերի հարազատներին մոլորության մեջ գցեն և հայտարարեն, թե այսպիսով բացահայտում են զոհերի մեղավորներին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս