«Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության». Էդուարդ Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը խրոխտ ասում էր, որ նախկին իշխանություններն իրականացրել են վիզը ծուռ քաղաքականություն, հիմա ինքը եկել է, որ հպարտ վզով քաղաքականություն իրականացնի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոր իշխանությունների կողմից վերջին 8 ամիսների ընթացքում իրականացված արտաքին քաղաքականությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ՀԱՊԿ-ում դարձել է «իզգոյ»՝ գրեթե ոչինչ, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ այդ կառույցում կորցրել է գլխավոր քարտուղարի պաշտոնը։
«Երբ այդ պաշտոնը կորցրեցինք, Փաշինյանը հայտարարեց, որ դա էական չէ, բա՞ ինչն է էականը՝ չպլանավորած հանդիպո՞ւմը Դավոսում։ Պարոն վարչապետը խոսում էր, որ երբեք այսքան փայլուն չեն եղել հայ-ռուսական հարաբերությունները, ես էլ որպես սովորական քաղաքացի՝ ասում եմ՝ ինչ լավ է, եթե այդքան փայլուն են, ուրեմն՝ գազը պետք է ոչ թե թանկանա, այլ էժանանա, ներդրումներն էլ Ռուսաստանից ավելանան, մեր երջանիկ կյանքն էլ Փաշինյանը կապահովի, բայց ի՞նչ եղավ, հունվարի 1-ից սահմանին գազը թանկացավ, սա՞ է լավ հարաբերությունները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ի հետ կապված ՀՀ վարչապետը հերթական «խայտառակ» հայտարարությունն արել է Մոսկվա կատարած իր վերջին այցելության ընթացքում, որտեղ մոտավորապես ասել էր, որ իշխանության գալուց հետո էլ կրկին ԵԱՏՄ-ն չի հավանում, բայց պետք է շարունակեն աշխատել։
«Կոնկրետ հարց եմ տալիս, եթե սխալ էր այն ժամանակ ինչո՞ւ է այժմ այդ սխալը կրկնում։ Բա որ սխալ էր, Դավոսում ինչո՞ւ էր պարծենում ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից։ Չի կարելի սեփական եսը պետության շահերից ավելի բարձր դասել, նա արդեն երկրի ղեկավար է, ոչ թե «Իմ քայլի»»,- ընդգծեց Է. Շարմազանովը։
Անդրադառնալով Արցախի հակամարտությանը, ՀՀԿ խոսնակը նշեց, որ իշխանափոխության հենց առաջին օրերին չէր բացառել, որ իշխանափոխության հիմքում ընկած են Արցախի հարցի կարգավորման նոր մոտեցումներ։
«Այն կապիտալը, որը Փաշինյանը ժառանգել էր նախորդ իշխանություններից՝ ամբողջը խայտառակորեն մսխել է։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարարի, խորհրդարանի միջոցով Հայաստանի դիրքը բանակցային գործընթացում կոշտացել էր, և մենք հասանք Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և Ժնևի պայմանավորվածություններին, որտեղ հստակ նշվում էր, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն, և հղում էր արվում ինքնորոշման իրավունքի իրացմանը։ Իսկ մենք դրա փոխարեն՝ ի՞նչ ստացանք, Նիկոլ Փաշինյանը սիրուն «ջրեց» Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունը՝ նշելով, թե Ադրբեջանն ասում է, որ նման բան չի եղել։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է կատարվում, իմ երկրի ղեկավարը փոխարենը հղում անի իր իշխանություններին, հղում է անում Ալիևին, այս ո՞ւր ենք հասել»,- նշեց Է. Շարմազանովը։
Ինչ վերաբերում է Դուշանբեի հանդիպմանը, ապա, ըստ Էդուարդ Շարմազանովի, այնտեղ Նիկոլ Փաշինյանն ընկել է Ալիևի թակարդը։ Քանի որ այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը և արտգործնախարարը հայատարարել էին, որ Արցախը չի կարող ունենալ ավելի բարձր կարգավիճակ, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում, որին հաջորդում է այն, որ 2019 թվականը Արցախի հարցում պետք է լինի բեկումնային, որին ի պատասխան՝ հայկական կողմը ոչինչ չի ասում։
«Արտաքին քաղաքականությանը չի կարելի մատների արանքով նայել։ Կարծում եմ՝ Հայաստանում տեղի է ունեցել հեղաշրջում և 1998 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության։ Մենք խաղաղությանը դեմ չենք, խաղաղություն մուրալուն ենք դեմ։ Երբ մեր արտգործնախարարն ասում է, թե խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է, կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որ խաղաղություն մուրալն է կատաստրոֆա»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան