«Ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ կա պոպուլիստական իշխանություն». Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Հայաստանում խորհրդարանը ձևավորվել է ոչ թե՝ ընտրությունների, այլ՝ նշանակումների հիման վրա, ինչը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ նրա քաղաքական ճաշակով՝ առանց իրական ընդդիմության։

«Այսօր մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն, սահմանադրական ընդդիմություն, որն ուզած թե չուզած՝ ընդդիմություն է։ Երբ ասում եմ, որ իրական ընդդիմություն չկա, ամենևին նպատակ չունեմ ստվեր գցելու «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԲՀԿ-ի վրա։ Պարզապես փաստն եմ արձանագրում, քանի որ այդ երկու կուսակցությունները և նրանց ղեկավարները՝ մեկն ակտիվ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունը, մյուսը ջուր էր տանում հեղափոխությանը։

Այս 8-9 ամիսների ընթացքում այս երկու կուսակցությունները չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը և ավելի շատ նրան սատարողներ են։ Դասական իմաստով՝ ավելի ճիշտ կլիներ այս խորհրդարանն անվանել Փաշինյանի և նրան սատարողների խորհրդարան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Է. Շարմազանովը։

Նրա խոսքով, չնայած ՀՀ վարչապետն իր ընտրության ժամանակ խորհրդարանում ասել էր, որ իր իշխանությունը չունի «իզմ»-եր, սակայն ակնհայտ է դարձել, որ ունի, որը, Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ՝ պոպուլիզմն է։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ այսօր Հայաստանում, ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ կա պոպուլիստական իշխանություն։

«Հեղաշրջման ընթացքում Փաշինյանը խոսում էր ամեն ինչից՝ թոշակների բարձրացումից, թռիչքային զարգացումից, «կարմիր գծերը» պետք է հաներ, տեսախցիկներ չպետք է լինեին, հազար ներողություն՝ նրա կողմնակիցներն այդ տեսախցիկները ներքնաշորով էին փակում։ Փաշինյանն ինչ խոստացել է՝ չի արել։ Փաշինյանի իշխանության այս 9 ամիսների բերած ցուցանիշներն էականորեն զիջում են նախկին իշխանության ցուցանիշներին։

Երբ Փաշինյանին հարց ուղղեցի, որ հեղափոխությունից հետո մանր և խոշոր եղջերավոր կենդանիները հեղափոխական տեմպերո՞վ են զարգանալու, նա իրեն բնորոշ շոուներ արեց և ասաց՝ այո, նրանք ազատագրվելու են, և այլևս վարչապետի եղբայրը չի արտահանելու և եղջերավոր անասուներին ազատագրված արտահանելու են։ Բա ո՞ւր է, ընկեր, այդ արտահանվածը, հարց տվեք՝ գյուղատնտեսության աճ կա՞, թե՞ անկում։ Բնականաբար, այս ամենը կոչվում է պոպուլիզմ»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս