«Անմիջապես շփման գծում կրակոցների քանակը որևէ ձևով կապված չէ զորքերի տեղաշարժի, վերախմբավորման կամ պատերազմ սկսելու կամ չսկսելու հետ»
Բանակում մահացության դեպքերն անցած տարվա համեմատ նվազել են 16 տոկոսով: Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
«Իսկ անմիջապես մարտական ծառայության հետ կապված կորուստների քանակը պակասում է 56 տոկոսով և ավելի: 63-ի մեջ 20-ից ավելի դեպքերը կապված չեն ծառայության հետ, հատկապես պայմանագրային զինծառայողների պարագայում, որոնք գտնվել են արձակուրդի մեջ. դրանք կապված են հիվանդության, ավտովթարների հետ»,- մանրամասնեց նա:
Հարցին թե հիվանդություն ունեցած զինվորներն ինչո՞ւ են բանակում ծառայել, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ եթե հարցը ժամկետային զինծառայողներին է վերաբերում, ապա պիտի հարցնել ռազմաբժշկական հանձնաժողովին, իսկ եթե խոսքը սպայական անձնակազմի, պայմանագրայինների մասին է, ապա կան հիվանդություններ, որոնք կանխատեսել հնարավոր չէ, ձեռք են բերվում ծառայության ընթացքում. «Օրինակ, չենք կարող կանխատեսել ինֆարկտը, նաեւ դեպքեր կան, որ շմոլ գազից են մահացել, որն անզգուշության արդյունք է»:
Նրա խոսքով, բանակում վերջին մեկ տարում բավականին փոփոխություններ են եղել. «Ես չեմ ուզում անդրադառնալ թիկունքային ապահովման խնդիրներին, որոնք գուցե կարևոր են, բայց ոչ առաջնային: Իհարկե, փոխվել է և սննդամթերքի տեսականին, որակային ու քանակային առումով»:
Արտակ Դավթյանը նշեց, որ մեծ փոփոխություններ են կատարվել նաև մարտական հերթապահության կարգի մեջ: Դրանց մասին, ասաց, ցանկալի չէ հիմա խոսել. «Այդ մասին ավելի ուշ՝ մեկ կամ երկու տարի հետո կբարձրաձայնենք: Դրանց շնորհիվ ծառայության արդյունավետությունն ու անվտանգությունը բարձրացել են»:
Անդրադառնալով սահմանի լարվածությանը Գլխավոր շտաբի պետն ասաց, որ սահմանը կայուն է, էական փոփոխություններ չկան. որոշակի չափով կա նպատակային կրակոցների նվազում.
«Մենք մեր ծառայությունը կազմակերպում ենք այն սկզբունքով, որ յուրաքանչյուր վայրկյան կարող են ռազմական գործողություններ սկսվել: Մնացածը քաղաքական ղեկավարության դաշտն է, բանակցություններն են, որ ընթանում են»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ սահմանին հարաբերական անդորրի հետ կապված մտավածություն կա, որ դա մեծ քայլերից առաջ հարաբերական անդորր է, Արտակ Դավթյանը արձագանքեց.
«Անմիջապես շփման գծում կրակոցների քանակը որևէ ձևով կապված չէ զորքերի տեղաշարժի, վերախմբավորման կամ պատերազմ սկսելու կամ չսկսելու հետ: Դա առօրյա գործունեության որոշակի փոքր մասնիկն է, որը ցույց է տալիս բանակի կողմից ղեկավարումը կամ չղեկավարումը»: